ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Երեւանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու տների մոտ եւ շրջակա տարածքում իրականացրել են դիտահորերում օդի մեջ քիմիական նյութերի առկայության եւ դրանց քանակության հետազոտություն, կատարվել են տեղանքում օդի եւ դիտահորերի ջրի նմուշառումներ, որոնք ենթակա են հետագա լաբորատոր հետազոտության:

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից եւ շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը:

Ստացված տվյալներով՝ նշված տարածքում օդի բաղադրության մեջ եւ դիտահորերում վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել, իսկ գարշահոտությունը տարածվում է դիտահորերում առկա կոյուղաջրերից: Մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրում աշխատող մյուս պետական գերատեսչությունների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցները եւս կատարեցին համապատասխան նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննության նպատակով, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 5 աշխատանքային օրերի ընթացքում:

- Մանրակրկիտ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին, եւ միայն դրանից հետո կարող ենք նշել գարշահոտության հստակ պատճառներն ու ներկայացնել առաջարկություններ՝ հետեւանքների վերացման համար,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Մուրադյանը:

NEWS.am-ի թղթակիցը  Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տների բնակիչների հետ ավելի վաղ զրուցել էր։ Նրանք պնդել են, որ իրենց տներից ու փողոցից տարօրինակ հոտ չեն զգացել եւ տեղյակ չեն, թե ով է եղել ԱԻՆ ահազանգողը: