13 մարդ է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի լուսանկարիչ, պերուացի Մարիո Թեսթինոյին։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Sunday Times թերթը։

Պարբերականը տեղեկացնում է, որ 63-ամյա Թեսթինոյի դեմ մեղադրանքներ են առաջադրել 13 մոդելներ եւ «տղամարդ օգնականներ»։ Այդ մեղադրանքները վերաբերում են 1990-ականների կեսերից հետո ընկած ժամանակահատվածին։

Ամերիկյան Conde Nast հրատարակչությունը, որը թողարկում է Vogue եւ Vanity Fair ամսագրերը, հրաժարվել է Թեսթինոյի հետ համագործակցությունից։ Հրատարչակտունը նույնպիսի միջոցներ է ձեռնարկել մեկ այլ լուսանկարչի՝ ամերիկացի Բրյուս Վեբերի դեմ, որին մեղադրում էին 15 մոդելներ։

Թեսթինոն հայտնի էր արքայադուստր Դիանայի նկարներով, բազմիցս լուսանկարել է նաեւ Եղիսաբեթ 2-րդին, իսկ 2014թ. թագուհին Կայսրության սպայի շքանշան էր շնորհել նրան։