Հայ-նորվեգական ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Սըր Թիմոթի Սթրեյթը:

Նա նաեւ նշել է, որ տարվա սկզբին Հայաստանի ԱԳ նախարարի այցելությունը Նորվեգիա բեկումնային դարձավ երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործում: «Ես անհամբեր սպասում եմ, առնվազն մեկ նորվեգացի բարձրաստիճան պաշտոնյայի այցելություն Հայաստան 2011-ին»,- հավելել է նա:

Խոսելով 2011-ին երկկողմ հարաբերությունների զարգացման առումով իր ակնկալիքներից, պատվո հյուպատոսն ընդգծել է, որ ինքը Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայման հույս ունի: Համագործակցության ուղղություններից Սըր Թիմոթի Սթրեյթը նշել է նորվեգական սաղմոն ձկան ներմուծումը Հայաստան: «Կա պոտենցիալ նորվեգական սաղմոնի ներմուծման համար: Դա մեծապես կախված է Հայաստանի կառավարության ջանքերից՝ ուղղված երկրում կոռուպցիայի վերացմանը եւ վարչական ընթացակարգերի պարզեցմանը»,- ասել է հյուպատոսը:

Զրույցի վերջում նա հայ ժողովրդին ցանկացավ խաղաղություն եւ բարգավաճում: «Ցանկանում եմ, որ այն բոլոր լավ բաները, որոնք կատարվել են Հայաստանի բնակիչների հետ 2010-ին, 2011-ին նույնպես կատարվեն: Թող Նոր տարին խաղաղություն բերի ձեր սրտերին եւ ուտելիք՝ ձեր սեղաններին»,- իր խոսքն ամփոփեց հյուպատոսը: