Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 18-ի նիստին բացասական եզրակացություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որի հեղինակներն են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիջեջյանը եւ Միքայել Մելքումյանը: Նախագծի եզրակացությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Պատգամավորներն առաջարկում են Հայաստանի Ընտրական օրենսգրքից բացառել թեկնածուների տարածքային ցուցակների ինստիտուտը: Հեղինակները կարծում են, որ տարածքային ընտրացուցակների պատճառով տարբեր տրամաչափի օլիգարխները շարունակում պատգամավոր ընտրվել: Սակայն իշխանությունները համաձայն չեն: «Խորհրդարանական ընտրությունների հին համակարգը վերադարձնելը նպատակահարմար չէ:
Նոր համակարգում պատգամավորների կեսը անցնում է համապետական համամասնական ցուցակներով, մյուսը կեսը` տարածքային ընտրացուցակներով»,- հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարը` հավելելով, որ Ընտրական օրենսգիրքում փորձ է արվել ընդգծել համամասնական ընտրակարգի մոդելի առավելությունները: Նրա կարծիքով՝ բաց ցուցակներն ավելի ժողովրդավարական են: «Հակառակ դեպքում քվեարկող անձը նույնիսկ չգիտի, թե ով է ներկայացնելու իր շահերը խորհրդարանում»,- ասաց Հարությունյանը:

 «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները կարծում են, որ համամասնական ընտրակարգի թերությունն այն է, որ այն խախտում է ընտրազանգվածի եւ թեկնածուի միջեւ կապը: Ընդ որում, մեծամասնական ընտրակարգում շեշտը դրվում է անձի գործոնի վրա: Հետեւաբար, ըստ նրանց, ընտրությունները պետք է անցկացվեն 100 տոկոսանոց համամասնական համակարգով՝ բացառելով տարածքային ընտրացուցակները: