Միջազգային ցանկացած լուրջ իրադարձությունից հետո Ադրբեջանը գրեթե միշտ շփման գծում սադրանքների է անցնում: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական կողմի վերջին դիվերսիոն գործողությունները:

Ըստ նրա՝ այդպես է եղել եւ՛ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից, եւ՛ Ժնեւում կայացած հանդիպումից հետո:
«Այսպիսի քաղաքականություն վարելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ կառուցողական երկխոսությանը պատրաստ չէ: Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր առաջնորդները բանակցությունների սեղանի շուրջ միջնորդների ներկայությամբ մի բան են ասում, սակայն իրականում ըստ էության իրենց իսկ մաքսիմալիստական քաղաքականության զոհն են դարձել»,- նշեց Շարմազանովը:

Միեւնույն ժամանակ, ըստ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակի, նման քաղաքականություն վարելով՝ Բաքուն ինքն իրեն փակուղու մեջ է դրել, եւ այժմ նրանց շատ ավելի դժվար է հրաժարվել այդ քաղաքականությունից: Ընդ որում, իշխող կուսակցության մամուլի քարտուղարը նշեց, որ, ինչպես հայտարարել է Հայաստանի նախագահը, Ադրբեջանին պետք է օգնել այս խնդրի հաղթահարման համար՝ ավելացնելով, որ անհնար է օգնել մեկին, ով չի ցանկանում ընդունել այդ օգնությունը:

Խնդիրը, ըստ Շարմազանովի, ադրբեջանական քաղաքական ղեկավարության մտածելակերպի մեջ է, որն իր իսկ ռուսիստական հակահայկական քաղաքականության զոհն է դարձել, որը ՀՀ ԱԺ փոխխոսնակը համեմատեց ֆաշիստական Գերմանիայի քաղաքականության հետ: «Գեբելսն ու Հիտլերն այս նույն գաղափարախոսությունն էին քարոզում՝ ուղղելով այն հրեաների դեմ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը, նման ռասիստական քաղաքականություն վարելով, քարոզում է այն հայերի դեմ»- եզրափակեց Շարմազանովը: