Նախագահական առաջին ինքնաթիռում (Air Force One) հին սառցարանների փոխարինումը երկու նոր սառցարաններով ամերիկացի հարկատուների համար կարժենա 23,65 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Hill թերթը։
Ինքնաթիռի հինգ սառցարաններում կարող են տեղավորվել մոտ 3 հազար ճաշատեսակներ, սակայն նրանցից երկուսը փոխարինման կարիք ունեին: Օդանավում սառցարաններ եղել են դեռեւս 1990 թվականից, երբ ինքնաթիռներ արտադրող ամերիկյան Boeing ընկերությունն ի կատար ածեց իշխանությունների կարգադրությունը: Հետեւաբար, ԱՄՆ-ի օդային ուժերը, որոնց թվում գրանցված է նաեւ նախագահական ինքնաթիռը, հանձնարարել են Boeing ընկերությանը փոխարինել սառցարանները:
Ամերիկյան օդային ուժերի ներկայացուցիչ Էն Ստեֆանեկը ընդգծել է, որ սարքավորումների մի մասը փոխարինման կարիք ունեն արտադրողականության նվազեցման պատճառով։ Սպասվում է, որ արդիականացումը կավարտվի 2019 թվականի հոկտեմբերին։



























