Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է զգուշանան արեւմտյան կառույցների կողմից առաջ հրվող օրինագծերից: Հունվարի 30-ին Երեւան-Բիշքեկ հեռուստակամրջի ժամանակ նման կարծիք է հայտնել «Միջազգային մարդասիրական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Ծովինար Կոստանյանը:

Վերջինիս խոսքով՝ արեւմտյան դրամաշնորհներով աշխատող բազմաթիվ կազմակերպություններ Հայաստանի համար վտանգավոր օրինագծեր են առաջ հրում: Փորձագետը հիշեցրել է Հայաստանում աղմուկ հանած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որում ավելացվել է 197-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում  ֆիզիկական անձանց եւ պետական ​​պաշտոնյաների կողմից սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության համար: «Օրինակները շատ են, եւ դրանք առաջ են հրվում արեւմտյան ՀԿ-ների կողմից: Միայն Հայաստանում Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մոտ 60 կազմակերպություն է աշխատում»,- նշել է Կոստանյանը: