Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, որը «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից ՌԴ նախագահի թեկնածու է առաջադրվել, հայտարարել է, որ ԱՄՆ կմեկնի հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների եւ սենատորների հետ, նա հույս ունի Ռուսաստանի եւ Նահանգների միջեւ միջնորդ դառնալ: Չորեքշաբթի նա ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Քանի որ ինձ մարդիկ են հրավիրել, այդ թվում՝ ԱՄՆ ղեկավարության թվից, ես կհանդիպեմ սենատորների, մարդկանց հետ, որոնք կոնկրետ Ռուսաստանով եւ ռուսական ցուցակներով են զբաղվում, ես կարեւոր եմ համարում բացատրել այդ տարբերությունը, բացատրել, որ Ռուսաստանը դա Պուտինը չէ»,-  ասել է նա լրագրողներին:

Սոբչակը հստակեցրել է, որ ԱՄՆ իր ուղեւորությունը նախօերին է հաստատվել, երբ հայտնվել է «կրեմլյան ցուցակի» մասին տեղեկությունը, որը կազմել է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը: Սոբչակն այս ցուցակը մինչեւ վերջ արդարացի չի համարում: Նրա կարծիքով՝ «կրեմլյան ցուցակի» կազմը ցուցադրում է, որ «ամերիկացիներն ընդհանրապես այնքան էլ լավ չեն հասկանում, թե Ռուսաստանում ինչպես է կառուցված բիզնեսի, իշխանության եւ հարաբերությունների համակարգը»: