Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայում հանրապետության նախագահն է շքանշաններ հանձնում, շնորհում պատվավոր կոչումներ. «Առ այս պահը կար օրենք, որը կանոնակարգում էր այդ հարաբերությունները: Այս օրենքով սահմանել ենք այն անձանց շրջանակը, որոնք կարող են ներկայացնել նման միջնորդություն. դրանք են՝ վարչապետը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ Սահմանադրական դատարանը»,-ասաց նախարարը:
«Փոփոխությամբ նաև առաջարկվում է կարգավորել, թե ով կարող է վարչապետին նման առաջարկություն ներկայացնել՝ դրան են պետական մարմինները, նաեւ իրավաբանական անձինք եւ քաղաքացիները: Վարչապետը, ստանալով համապատասխան առաջարկությունը, այն ուղարկում է խորհրդատվական հանձնաժողովին, որի եզրակացությունը վարչապետի համար պարտադիր չէ, վերջինս որոշում է կայացնելու այդ եզրակացության հիման վրա:
Սահմանել ենք նաեւ նախագահի կողմից կոչումներ շնորհելու կարգը: Նաեւ օրենքում մՄանրամասն նկարագրել ենք պետական պարգեւների նմուշները»,-ասաց արդարադատության նախարարը:



























