2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ:
Հերթական ընտրությունների համար ձեւավորված թվով 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 10 -ական,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 6-ական,
«Ելք» կուսակցությունների դաշինք ` 2-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական:
Նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխվել են նաեւ Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրությունների համար ձեւավորված երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները:




























