Չնայած Ազգային Ժողովը հաստատեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունը, որով Հայաստանում պետք է հիմնադրվեն 11 օտարալեզու դպրոցներ` երկուսը մասնավոր, ինը` միջպետական պայմանագրերով,  սակայն մասնագետներն ու ընդհանրապես ծրագրի դեմ ընդվզողները շարունակում են բողոքել: Լեզվաբան, հայոց լեզվի դասագրքերի հեղինակ Ֆրիդրիխ Խլղաթյանը նույնպես դեմ է այդ դպրոցների հիմնադրմանը, կարծում է, որ մայրենի լեզվի որակը կփոխվի, բայց չի մեռնի, ինչպես խորհրդային միության ժամանակ, երբ  Ռուսաստանը ստիպում էր սովորել ռուսերեն, իսկ մայրենին, իր խոսքով շարունակում էր զարգանալ ավելի լավ, քան հիմա: Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Ֆրիդրիխ Խլղաթյանի հետ.

Պարոն Խլղաթյան, չնայած հասարակության ընդվզմանը, Ազգային ժողովը  ընդունեց Օտարալեզու դպրոցների հիմնադրման մասին օրինագիծը: Որպես լեզվաբան,  ինչպե՞ս  եք վերաբերում այս հարցին:

Որպես լեզվաբան, բնականաբար, դեմ եմ, ես կարծում եմ, որ դա սխալ բան է, սխալների պատճառները մի քանիսն են հանրապետության օրենսդրությամբ պետական լեզուն հայոց լեզուն է, բացառություն կա ռուս ծառայողների համար, որոնց  երեխաների համար երկու դպրոց կա: Իսկ մնացած փոքրամասնությունների համար, չկան դպրոցներ, նրանք  տարրական դպրոցում սովորում են իրենց լեզուն, բայց բարձր դասարանում` հայերեն: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ որ երկրում  սովորում ես, այդ երկրի լեզվով պիտի կրթվես:

Երկրորդ պատճառը. ասում են այդ դպրոցներում հայերեն անցնելու են: Ժամանակին Հայաստանում կային ռուսական դպրոցներ, որտեղ մինչեւ  տասներորդ դասարան հայերեն էին սովորում, բայց աշակերտները հայերեն չգիտեին, հիմնականը ռուսերենն էր, հայրենը երկրորդական  էր, իմացությունը շատ աղքատ: Հայոց լեզուն սովորում էին առօրյա խոսակցության մակարդակով:

Երրրորդ պատճառն այն է, որ այդ ձեւով հայերենի որակը փոխվելու է: Ծրագրի հեղինակներն էլ չեն թաքցնում, որ այն էլիտար դպրոցներ պետք է լինեն, որտեղ ավարտողները դառնան կառավարիչներ: Եթե այդ կառավարիչները, նախարարները պաշտոնյաները  օտար լեզվով կրթվեն, բնական է, որ նրանք հայերեն չեն իմանա, հետեւաբար ժողովուրդը կընդօրինակի նրանց եւ հայոց լեզվի մակարդակը կիջնի: Ոչ մի լեզու, ինչպես նաեւ հայերենը միատարր չէ: Կարելի է ասել հայերենը  հինգ տարբեր լեզուներից է բաղկացած` հայերեն, որ գործածվում է կենցաղում,  երկրորդ հայերենը, որը գործածվում է պաշտոնական օղակներում, երրորդ` գիտության մեջ, չորրորդ` գեղարվեստական գրականության մեջ, հինգերորդ` հրապարակախոսության մեջ, իսկական գրագետ մարդը բոլորն էլ պետք է տիրապետի, իսկ օտարալեզու դպրցների դեպքումմ այդպես չեն սովորի հայերենը:

Պարոն Խլղաթյան, կրթության եւ գիտության նախարարը պնդում  է, որ աշխարհի հետ աշխարհի լեզվով պիտի խոսել, իսկ վարչապետը ագրեսիվ կամպանիա էր համարում օտարալեզու դպրոցների դեմ ընդվզումը: Այս մասին ի՞նչ կասեք:

Ի՞նչ է նշանակում` աշխարհի հետ աշխարհի լեզվով պիտի խոսել, աշխարհում հազարավոր լեզուներ կան, ինչի պետքէ միայն այդ լեզվով խոսենք: Ամեն մի հայ եւ ժամանակակից մարդ պետք է մայր լեզվից հետո ռուսերեն սովորի, որովհետեւ Ռուսաստանը մեր ամենակարերուր գործընկերն է,  հայեր մեծ մասը  Ռուսաստանում են աշխատում, ընտանիքները պահում, ապա երրորդը անգլերեն պետք է սովորել` որպես միջազգային լեզու: Հայկական  ժողովրդական առած կա` «որքան լեզու գիտես, այնքան մարդ ես», մարդ ինչքան շատ լեզու իմանա այնքան աշխատանքի հնարավորությունը եւ մտահորիզոնը լայն կլինի, բայց դրա համար պետք չէ դպրոց հիմնել, պետք է բարձրացնել օտար լեզվի դասավանդման մակարդակը: Հաջորդ խնդիրը. Դիլիջանում ի՞նչ մակարդակ կա, որ աշակերտը այնտեղ պետք է անգլերեն սովորի: Այդ մարդը պետք է գնա Լոնդոն անգլերեն սովորի, Փարիզ` ֆրանսերեն, Բեռլին` գերմաներեն: Պետք է սովորել նրանց մշակույթը, կրթվել, նոր վերադառնալ: Դիլիջանում ու Ջերմուկում դա հնարավոր չի անել, որովհետեւ հնարավոր չի միջավայր ստեղծել, իսկ լեզուն սովորեցնելու համար ամենա կարեւորը միջավայրն է: Մենք ունենք ուսանողներ, որոնք  այլ երկրներում են սովորում, բայց ոչ մի օտարալեզու դպրոց էլ չեն ավարտել: Հայկական դպրոցներում են սովորել նրանք: Եթե պետք, որ հայ  երեխան գնա Սորբոնի համալսարան կամ որեւէ հեղինակավոր բուհ, բարի եղեք կրթաթոշակ տրամադրեք:

Ձեր կարծիքով, այդ դպրոցների հիմնադրումը օտարամոլության դրսեւորում էր, թե՞ դրսից պարտադրված ծրագիր , ինչպես  պնդում են շատերը:

Ես մի անգամ էլ եմ ասել հարցազրույցի ժամանակ, որ դա բիզնես ծրագիր է, փող աշխատելու տեղ: Այդ գաղափարի հիմնադիրները մտածում են, եթե Թայլանդում կա անգլալեզու դպրոց, որտեղ  Հայաստանից գնում են սովորելու, ինչու Հայաստանում չհիմնադրել:  Մինչդեռ Թայլանդի դպրոցը փակում են: Մտածում են, դրսից մարդիկ պիտի գան ու սովորեն, իրենց դոլարները այստեղ թափեն ու գնան: Պատկերացնում եք, արտասահանցի մի հարուստ երեխային ուղարկում է Հայաստան` անգլերեն սովորելու, կուղարկի Լոնդոն, ինչի՞ պիտի ուղարկի Հայաստան:

Ինչ վերաբերում է միջպետական պայմանագրերով ինը դպրոցներին, դրանք ավագ դպրոցներ են, երեւի ռուսականի համար են նախատեսված: Խորհրդային տարիներին բազմաթիվ ռուսական  դպրոցներ կային, բայց արդյո՞ք հայոց լեզուն մեռնում էր, ոչ, ազատ զարգանում էր, շատ ավելի շատ: Այն ժամանակ ռուսները  ստիպում էին կիրառել, ժողովուրդը չէր ուզում, հիմա  ժողովուրդն է ձգտում: Եթե բացվեն, կընդօրինակեն մեկը մյուսին եւ երեխաներին կտանեն այդ դպրոցներ: Բայց պայքարողները բացվելուց հետո էլ կարող են շարունակել` բոյկոտելով, երեխաներին չտանել այդ դպրոցներ, բայց փորձը ցույց է տվել, որ ընդվզողները, եթե հնարավորություն ունենան, առաջինը իրենք են տանելու, ինչպես խորհրդային միության ժամանակ էր: