Ճապոնիայի կառավարությունը ուրբաթ ծրագիր է հաստատել, որով երկրի բնակիչներին հնարավորություն կտրվի թոշակավորվել 70-ից մեծ տարիքում: Փաստաթղթում առաջարկված  միջոցառումները օրենսդրորեն կամրագրվեն 2020 ֆնանսական տարում, որպեսզի ինչ-որ չափով կասեցնեն Ճապոնիայում աշխատուժի հարաճուն պակասը, հայտնում է Kyodo գործակալությունը:

Կառավարության նիստի ժամանակ երկրի վարչապետ Սինձո Աբեն այս կապակցությամբ հայտարարել է, որ պետք է այնպիսի հասարակություն կառուցեն, որտեղ ցանկության եւ ֆիզիկական հնարավորությունների առկայության դեպքում կկարողանան ակտիվ կենսակերպ վարել բոլոր սերունդների մարդիկ:

Հիմա երկրում թոշակ են ստանում 65 տարեկան դառնալուց հետո, որոնք, սակայն, ազատ են թոշակավորվել 60-ից մինչեւ 70 տարեկան ժամանակահատվածում: Մինչեւ 65 տարեկանը թոշակավորվել ցակացողին թոշակը մի փոքր կրճատված ծավալով է վճարվում, իսկ 65-ից հետո հավելավճար է հասնում: Իսկ հիմա կառավարությունը մտադիր է թույլ տալ թոշակավորվել 70 տարեկանում՝ համապատասխանաբար ավելի բարձր պարգեւավճարով: Ծրագիրը արտոնություններ է նախատեսում նաեւ մասնավոր ընկերությունների համար, որոնք պայմաններ են ստեղծում 65-ն անց մարդկանց աշխատանքի ընդունելու համար:

Երկրի կառավարությունը տարեցներին դիտարկում է որպես կարեւորագույն աշխատանքային ռեզերվ: 2016-ի վերջին Ճապոնիայի 65-ն անց բնակիչների թիվը հասել է 33,46 մլն մարդու՝ բնակչության 26,7 տոկոսը: Ծերացումը եւ ժողովրդագրական անկումը համարվում է երկրի ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը: