1924-ի փետրվարի 17-ին Դոնի Ռոստովում ծնվել է խորհրդային հետախույզ- անլեգալ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Անդրեյի Վարդանյանը։ Արտասահմանում տասնամյակների անընդմեջ աշխատանքի ընթացքում նա ոչ մի անգամ չէր ձախողել իր առաջադրանքը, չէր կորցրել կապը որեւէ գործակալի հետ, ոչ մի հավաքագրված գործակալի չէր կորցրել։ Վարդանյանի աշխատանքն այնքան անթերի էր, որ 76-ամյա գործակալի անունը գաղտնազերծվել է միայն 2000-ի դեկտեմբերին։
Նշանավոր հայ հետախույզի հիշատակին մի քանի փաստ ենք ներկայացնում նրա կյանքից։
Հետախույզ Վարդանյանի ուղին սկսվել է Թեհրանում։ Դեռ նույնիսկ չափահասության տարիքին չհասած՝ Գեւորգը ստեղծել է իսկական հետախուզական խումբ՝ տարբեր ազգությունների իր հասակակիցներից։ Հենց այդ ժամանակ էլ, խորհրդային ռեզիդենտի հետ հանդիպումից հետո նա ստացել է «Ամիր» կեղծանունը։ Նաեւ եղել է «Թեթեւ հեծելազորի» առաջնորդը, հենց այդպես էին կատակով անվանում նրա խումբը, Թեհրանում հեծանիվներով տեղաշարժվելու նրանց սովորության համար։

Որպես պրոֆեսիոնալ հետախույզ՝ Գեւորգ Վարդանյանը ձեւավորվել է իր երկու գործընկերների ազդեցության տակ։ Նրանցից առաջինը հայրն էր՝ Իրանի հպատակ Անդրեյ Վարդանյանը։ Այն ժամանակ Գեւորգը վեց տարեկան էր, 1930-ին ընտանիքը Դոնի Ռոստովից տեղափոխվել էր Իրան, որտեղ հայրը ստեղծել էր սեփական գործ ու ձեռք բերել պատկառելի կարգավիճակ։ Բայց ԽՍՀՄ-ի հետ կապերը չէր կորցրել, ավելին՝ ակտիվ գործակալական աշխատանքներ էր իրականացնում։ Հասարակական դիրքը հուսալիորեն պաշտպանում էր նրան։
Իսկ Գեւորգի «կնքահայրը» Իվան Աղայանցն էր, որի հետ նա ծանոթ էր 1940-ի փետրվարից։ Հետախույզը պատանու վրա անջնջելի տպավորություն էր թողել։ «Ես իմացա, որ Իվան Իվանի Աղայանցը առասպելական խորհրդային հետախույզ է։ Նա խստաբարո ու միաժամանակ բարի եւ ջերմ մարդ էր։ Երկար աշխատել եմ նրա հետ, մինչեւ պատերազմի ավարտը, ու հենց նա է ինձ դարձրել հետախույզ։ Զբաղված էր, սակայն հանդիպում էր ինձ հետ, սովորեցնում, ուղղություն ցույց տալիս»,- հետագայում պատմել է Վարդանյանը։
Պատանի Վարդանյանի ու նրա ոչ պակաս պատանի թիմակիցների աշխատանքի արդյունավետությունը ապշեցուցիչ էր։ Պատերազմի տարիներին «Թեթեւ հեծելազորը» Թեհրանում հայտնաբերել է մոտ չորս հարյուր գերմանացի գործակալների, դիվերսանտների ու նրանց իրազեկողներին։
Երկար տարիներ Գեւորգ Վարդանյանի գործընկերն ու ամենամտերիմ մարդն է եղել նրա կինը՝ Գոհարը ։ Դեռ «Թեթեւ հեծելազորի» տարիներին նա միացել էր այդ խմբին ու արդեն 1946-ին նրանք ամուսնացել էին։ Պատերազմից մի քանի տարի անց երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Երեւան՝ կրթություն ստանալու, իսկ 1955-ին նորից սկսել է աշխատել խորհրդային հետախուզության համար, երեք տասնամյակ ապրելով արտասահմանում։ Այդ տեւական աշխատանքի ընթացքում զույգը ստիպված է եղել երեք անգամ գրանցել ամուսնությունը տարբեր երկրներում՝ նոր փաստաթղթեր ստանալու համար։

Վարդանյանի գլխավոր հատկանիշներից մեկը, որը նրան դարձրել է բարձրակարգ հետախույզ, նրա անհավանական հնարամտությունն էր։ Ահա երկու դեպք, որոնցում նրան հաջողվել է դրսեւորել այդ հատկանիշը։
40-ականների սկզբին Գեւորգին ձերբակալել էր իրանական ոստիկանությունը ՝ երկու հայտնաբերված հետախույզների հետ շփումների պատճառով։ Մինչ ոստիկանները նրան տանում էին բաժանմունք՝ նա որոշել է «համագործակցել» նրանց հետ ու ցույց տալ այն մարդկանց, ում հետ իբրեւ շփվել են նրա խմբի մասնակիցները։ Նշված մարդիկ կես տարով հայտնվել են ճաղերի ետեւում, բայց իրականում այդ մարդիկ խորհրդային հետախուզության հակառակորդներն էին։ Չնայած Վարդանյանին էլ չէր հաջողվել լրիվ չոր դուրս գալ ջրից ՝ նրան ազատ էին արձակել երեք ամիս հետո միայն։
Երկրորդ պատմությունը տեղի էր ունեցել 1942-ին։ Վարդանյանին հաջորղվել էր բացահայտել բրիտանական հետախուզական դպրոց Իրանում, որից հետո վերջինը փակվել էր ԽՍՀՄ պահանջով։ Նրան հաջողվել էր անել դա՝ ընդունվելով այդ դպրոց։ Այնտեղ նա արագ ծանոթացել էր «համադասարանցիների» հետ ու պարզել նրան ինքնությունը։ Երբ երիտասարդ լրտեսներին ուղարկել են ԽՍՀՄ, նրանց անմիջապես ջրի երես են դուրս բերել։
Վարդանյանի ու նրա թիմակիցների գլխավոր սխրանքներից մեկը Թեհրանում Ստալինի, Չերչիլի ու Ռուզվելտի վրա մահափորձի կանխման գործողությունն էր 1943-ին կայացած համաժողովի ընթացքում։ Երրորդ ռեյխի ծրագրերի իրականացման դեպքում պատերազմի զարգացումը կարող էր բոլորովին այլ ընթացք ստանալ, սակայն դիվերսիան կարողացել էին կանխել մի խումբ պատանիներ, որոնք հմտորեն ու պրոֆեսիոնալ ձեւով վերծանել էին գերմանացի գործակալներին։

Ավելի քան երեք տասնամյակ հետ այդ պատմության հիման վրա նկարահանվել է «Թեհրան 43» ֆիլմը, իսկ Գեւորգ Վարդանյանը հանդես է եկել ֆիլմի գլխավոր հերոսի՝ երիտասարդ հետախույզ Անդրեյ Բորոդինի նախատիպի ու խորհրդականի դերում։ Դերակատար Իգոր Կոստոլեւսկին խոստովանել է, որ Վարդանյանի հետ ծանոթությունը համարում է իր ստեղծագործական կյանքի գլխավոր հաջողություններից մեկը։
1950-ականների կեսերից Գեւորգ ու Գոհար Վարդանյանները երեք տասնամյակով ուղեւորվել էին «արտասահմանյան շրջագայության» ՝ միասին աշխատելով որպես անլեգալ հետախույզներ։ Այդ տեւական «ճամփորդության» ընթացքում ամուսինները այցելել են մոտ 100 երկիր, որոնց ամբողջական ցանկն առայսօր անհայտ է մնում։ Հայտնի է միայն, որ աշխատանքի հիմնական ճակատը կենտրոնացած էր մի քանի երկրներում։




























