Մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Այս առնչությամբ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Կատարված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. սեպտեմբերի 28-ին, երեկոյան, գործով տուժող՝ «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը, ահազանգ ստանալով, որ Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից, Թումանյան եւ Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում անձրեւային եղանակին կատարվում է ասֆալտապատում, ժամը 22:00-ի սահմաններում ժամանել է դեպքի վայր՝ լուսաբանելու կատարվող աշխատանքները: Սակայն «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Ն.-ն, որ տվյալ պահին տեղում հետեւում էր ընկերության կողմից տարվող ասֆալտապատման աշխատանքներին, Նարինե Ավետիսյանի կողմից որպես լրագրող ներկայանալուց հետո բռնել է նրա ձեռքերից, վերցրել տեսանկարահանող սարքը՝ բջջային հեռախոսը, արգելել տեսանկարահանումներ կատարել, ջնջել կատարած լուսանկարները եւ վերադարձրել բջջային հեռախոսը:
Սակայն այն բանից հետո, երբ լրագրողը բջջային հեռախոսով կրկին սկսել է տեսանկարահանումներ կատարել, մոտեցել է, քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ բռնել նրա ձեռքերից, իսկ վերջիններս քաշքշել են Նարինե Ավետիսյանին, որի պատճառով նա վայր է ընկել:
Նույն պահին ընկած վիճակում գտնվող Նարինե Ավետիսյանին է մոտեցել «Շին պլյուս» ՍՊ ընկերության վարորդ Վ. Խ.-ն եւ լրագրողի կամքին հակառակ վերցրել նրա բջջային հեռախոսը, ջնջել կատարած լուսանկարները: Նշված գործողություններով Տ. Ն.-ն ու Վ. Խ.-ն խոչընդոտել են լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը՝ թույլ չտալով լուսաբանել ասֆալտապատման աշխատանքների ընթացքը:
Դեպքից անմիջապես հետո Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, որի հիման վրա 2017 թվականի սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. հոկտեմբերի 9-ին եւ 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ.Ն.-ին եւ նույն ընկերության վարորդ Վ. Խ.-ին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:
Ինքնությունը չպարզված անձանց կողմից Նարինե Ավետիսյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասն անջատվել եւ առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:
Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:




























