Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր՝ փետրվարի 23-ին, մերժեց Միքայել Զադոյանի պաշտպանների կողմից իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում Մեսրոպ Մակյանը նշեց, որ բացակայում է որեւէ հիմք իր կողմից ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդության համար. «Միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման»:
Այնուհետեւ արդեն շարունակվեց գործով ամբաստանյալ, կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի կնոջ՝ Հռիփսիմե Գրիգորյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ նիստում Հռիփսիմե Գրիգորյանը հայտնել էր, որ ամուսինը 3000 դոլար կաշառք է տվել, որ մեղադրանքը վերաորակեն:
Այսօրվա նիստին ի պատասխան ամբաստանյալ Գայանե Գալոյանի հարցին՝ Հռիփսիմե Գրիգորյանը հայտնեց, որ իր ամուսինը ծանոթացել է Գալոյանի հետ դեկտեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին:
«Ձեզ մոտ ուղղորդել էին՝ որպես վստահված անձ, մենք էլ մտածել էինք, որ ձեր միջոցով փողը տեղ կհասնի»,- ասաց վկան:
«Ես ո՞վ էի, որ միանգամից առանց ճանաչելու… ձեր ընտանիքում ընդունվա՞ծ է նման բանը,- Հռիփսիմե Գրիգորյանից հետաքրքրվեց Գայանե Գալոյանը: Վկան պատասխանեց, որ նախկինում նման իրավիճակում իրենք երբեք չեն հայտնվել եւ չեն իմացել ինչպես վարվել. «Մեզ ուղղորդել էր պարոն Զադոյանը, ամուսնուս հեռախոսի համարը տվել էր, ձեզ զանգել էր իր կաբինետից, ասել, որ հաճախորդ է ուղարկում ձեզ մոտ, զբաղվեք: Ամուսինս ինձ պատմել է նաեւ, որ դուք խոստացել եք, որ հոդվածը կվերաորակվի, եւ 3000 դոլար եք ուզել, որն էլ տվել է իմ ամուսինը: Մենք ենթադրել ենք, որ ինքը պայմանավորվածության համաձայն պետք է փոխանցեր գումարը: Ներքին ինտուիցիա ունեինք, որ գումարը տեղ է հասել, մենք վստահ էինք»:
Գայանե Գալոյանի մյուս հարցին՝ ինչու գումարը հետ չեն պահանջել այն պարագայում, որ ինքը բազմիցս վիրավորել է Բաբկեն Գասպարյանին, ավելին, առաջարկել է, որ հրաժարվեն իր փաստաբանական ծառայությունից, Հռիփսիմե Գրիգորյանն արձագանքեց, «Ամուսինս մի անգամ բարկացած ասել է՝ էդքան փող վեկալար, բայց ոչինչ չարեցիր, դուք նրան չեք պատասխանել: Մեզ համար գումարը կարեւոր չէր, հետաքրքիր չէր գումարը, կարեւորը մեր տղու գործն էր»:
Վկան այդպես էլ չկարողացավ հստակ նշել, թե վերջ ի վերջո այդ գումարը հասել է Միքայել Զադոյանին, թե ոչ: Հարցին՝ ինչու է որոշվել դիմել իրավապահներին գումարը տալուց ամիսներ անց, Հռիփսիմե Գրիգորյանը պատասխանեց, «Որ մարդկանց մոտ թյուր կարծիք չլինի, թե արդարադատությանը պիտի կաշառես»:
Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 2-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:




























