16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանը դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը նշեց, որ Սուրեն Մուրադյանին առաջադրված մեղադրանքը՝ 104-րդ հոդվածի 1-ին մասը՝ Սպանությունը, վերաորակվել է ՔՕ 105-րդ հոդվածի՝ Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը: Պաշտպանի խոսքով, Սուրեն Մուրադյանի նկատմամբ դատարանի կայացրած դատավճիռը խիստ է եւ նրա նկատմամբ պետք է ավելի մեղմ դատավճիռ կայացներ:

Արտակ Ոսկանյանը նշեց, որ դիմելու է Վերաքննիչ դատարան եւ պահաջելու է իր պաշտպանյալի նկատմամբ արդար դատավճիռ կայացնել:

Նշենք, որ Սուրեն Մուրադյանի նկատմամբ նշանակված  կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննությամբ Սուրեն Մուրադյանը դեպքի պահին գտնվել է աֆեկտի վիճակում:

Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է: