24-ամյա Մարգար Վարշամյանը բռնցքամարտ սպորտաձեւում ճանաչվել է Գերմանիայի Դաշնության Նորդեն քաղաքի 2017 թվականի լավագույն երիտասարդ մարզիկ: Այդ իրադարձությունը մեծ արձագանք է գտել տեղական մամուլում:
Շուրջ 10 տարի Գերմանիայում մշտական բնակություն հաստատած Մարգարը 8 տարի է` ինչ զբաղվում է բռնցքամարտով, այս ընթացքում 5 անգամ դարձել է Ներքին Սաքսոնիա մարզի բռնցքամարտի չեմպիոն:
Հայ մարզիկը 2017 թվականին գրավել է նաեւ 18-ից բարձր տարիքային խմբի Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնության երկրորդ տեղը: Նա չի պատրաստվում բավարարվել արդեն գրանցված հաջողություններով, մտադիր է հաստատվել պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւ գրավել նորանոր գավաթներ ու տիտղոսներ:
Բռնցքամարտից բացի Մարգար Վարշամյանը սովորում է համալսարանում, նա ցանկանում է համատեղել պրոֆեսիոնալ սպորտը եւ մանկավարժի մասնագիտությունը:
NEWS.am-ի հետ զրույցում Ներքին Սաքսոնիա մարզում հայապահպանմանն ուղղված միջոցառումների նախաձեռնող Ալբերտ Թովմասյանը կարեւորեց հայ պատանիների եւ երիտասարդների սպորտային հաջողությունները մի երկրում, որտեղ սպորտն առաջնային տեղ է գրավում: Նրա խոսքով` շատ ավելի պատվաբեր է հաղթանակներ գրանցել մեծ մրցակցության պայմաններում:
«Մարգարը եւ մեր մարզի մյուս այլ երիտասարդները կարողանում են փոխել հայերի նկատմամբ վերաբերմունք` սպորտում եւ գիտական ասպարեզում ցուցադրելով կամային հատկանիշներ, աշխատասիրություն, որն էլ բերում է փայլուն հաղթանակների: Մարզի հայ համայնքն իր հերթին ամեն ինչով աջակցում է մեր հայ երիտասարդներին»-, պատմեց Թովմասյան` տեղեկացնելով, որ մարզի հայ երիտասարդների զգալի մասը ներգրավված է մանկավարժության, ճարտարագիտության բնագավառում, ինչպես նաեւ տարբեր արհեստներում:
Նրա փոխանցմամբ` տարաբնույթ միջոցառումներով հայ համայնքը փորձում է մարդասեր, հանդուրժող եւ խաղաղասեր դաստիարակել հայ երեխաներին, ինչի շնորհիվ նրանք իրենց բռունցքներն օգտագործում են միայն ռինգում: Թովմասյանը խորհուրդ է տալիս այլ մարզի համայնքներին «վարակվել» իրենց հաջողություններով եւ ամեն ինչում աջակցել Գերմանիայում իրենց երիտասարդների կայացմանը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























