ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին միջազգային հետախուզում հայտարարելու մասին լուրը, համենայն դեպս՝ այս պահի դրությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններին, թե Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, իբր, Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» (Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի) ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ:

Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իբր, «2014-2018թթ. Արցախ կատարած բազմաթիվ այցերի եւ բազմիցս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար»: Այդ կապակցությամբ, ըստ ադրբեջանական մամուլի, 2018թ. փետրվարի 20-ին ադրբեջանական դատարանը որոշում է կայացրել հեռակա կարգով ձերբակալել Կարապետյանին եւ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարել:

Դրանից անմիջապես հետո ինքը՝ Գասպար Կարապետյանը, հայտարարել էր, որ Ադրբեջանի՝ «Ինտերպոլին» ներկայացրած դիմումը՝ Գասպար Կարապետյանի ձերբակալման վերաբերյալ, լիովին զուրկ է որեւէ իրավական հիմքից եւ ինքնաբերաբար դատապարտված է «Ինտերպոլի» մերժումին:

Հայտարարության մեջ նաեւ ասվում էր. «Այս վերջինս արդեն իսկ անցյալում մերժել է Ադրբեջանի նմանատիպ դիմումները, որոնք զուտ քաղաքական բնույթ ունեն եւ պարզապես ապարդյուն փորձեր են՝ միջազգային հանրությանը պարտադրելու Ալիեւի բռնակալ վարչակարգի կամքը:

Ադրբեջանի նույնանման հուսահատ քայլերի առաջին նպատակն է՝ մամուլում էժան աղմուկ բարձրացնել եւ ընդհանրապես վախի մթնոլորտ առաջացնել: Այս օրերին, երբ Եվրախորհրդարանում պիտի նշվի Արցախյան շարժման 30-ամյակը, Ադրբեջանը փորձում է նման հերյուրանքներով եվրոպական hասարակության ուշադրությունը շեղել։

Գասպար Կարապետյանը մեկնաբանելով իր հասցեին տարածված հերյուրանքը, նշել է. «Նմանատիպ անհեթեթ նախաձեռնությունները միայն կարող են ապացուցել Ադրբեջանի իշխանության հուսահատ քայլերը: Արդյոք պե՞տք է հիշեցնել Ալիեւին, թե ինչ արագությամբ մերժվեցին վերջինիս «Ինտերպոլին» ուղարկած թղթածրարը, որով բողոքում էր Եվրոխորհրդարանի երեք պատգամավորների Արցախ այցելության դեմ»:

Կարապետյանը շարունակել է՝ ասելով, թե Ադրբեջանի իշխանության այս քայլը որեւէ իրավական հիմք չունի եւ հստակ է, որ յուրաքանչյուր եվրոպացի քաղաքացի, անհատ, լրագրող կամ քաղաքական գործիչ, որ փափագում է Արցախ այցելել՝ իրավիճակին տեղեկանալու նպատակով, այդ իրավունքն ունի: Ավելին՝ Եվրամիությունը, որպես մարդու իրավունքների պաշտպան կառույց եւ համաշխարհային ազդեցություն ունեցող «փափուկ ուժ», հաստատում է, որ իր ներկայացուցիչներն իրավունք ունեն այցելել Արցախ՝ առանց պայմանականությունների:

«Ադրբեջանի իշխանությանը կոչ եմ անում, որ փոխանակ իր ժամանակը սպառելու այսպիսի ապարդյուն նախաձեռնություններով, զբաղվի իր երկրում մարդու իրավունքների խախտումները լուծելով»,- եզրափակել է Կարապետյանը: