Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` մարտի 2-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Ճառով հանդես գալուց առաջ, Պապիկյանը նշեց, որ պաշտպանական ճառն ունի «Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները, քրեական գործի շինծու լինելու ապացույցները» անունը. «Սա դատավարություն էր, որի ընթացքում երբեմն կիրառվել է օրենք, դատարանը չիրականացրեց արդարադատություն, այն զուրկ  էր իրավական ձեւակերպումներից»:

Արայիկ Պապիկյանը նշեց՝ կազմվել է Սեֆիլյանի հետ շփում ունեցող անձանց ցանկ. ընտանիքի անդամներ, «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներ, ակտիվիստներ, լրագրողներ. «Մեկ անձի հետապնդելու համար բազմաթիվ մարդիկ հսկողության տակ էին: Իշխանությունները գերի էին մնացել Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործին: Նրանք այդքան համարձակություն չունեին, որ գործը կարճեին, քանի որ փաստեր չունեն»:

Արայիկ Պապիկյանն հրապարակեց նաեւ Շուշիի առանձակի գումարտակի հրանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի 2015 թվականի զրույցը` Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: 2015 թվականի հունվարի 31-ին Սեֆիլյանն ու իր աջակիցները ավտոերթ էին կազմակերպել դեպի Արցախ, Բերձորի մոտ, սակայն անհայտ անձիք հարձակվել էին մեքենաների վրա, ջարդել ապակիներն ու ծեծի ենթարկել Ժիայր Սեֆիլյանի աջակիցներին: Երթից առաջ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ հեռախոսազրույցի ժամանակ Վիտալի Բալասանյանը Ժիրայր Սեֆիլյանին կոչ է անում չգնալ Արցախ. «Դու ինձ լսի, մի արա էդ բանը: Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ գալ: Մի փչացրու մեր հարաբերությունները, ես չեմ կարող մանրամասներ ասել, քանի որ գիտեմ, որ իմ հեռախոսը լսում են»:

Հրապարակված ձայնագրության սղագրության մեջ նշված էր, որ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է, թե իրենք վատ բան անելու որեւէ միտում չունեն: Բալասանյանի եւ Սեֆիլյանի զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

«Վիտալի Բալասանյան - Լսի, էդ բանը մի արեք էլի:

Ժիրայր Սեֆիլյան - Լավ էլի:

Վիտալի Բալասանյան - Քեզ, լսի, բան եմ ասում: Վերջապես հազար տարվա ընկերներ ենք, չէ՞:

Ժիրայր Սեֆիլյան - Հա:

Վիտալի Բալասանյան - Հազար անգամ հաշվարկ եմ արել՝ ոչ քեզ ա օգուտ բերելու, ոչ մեզ, ոչ մեկին: Անիմաստ եկեք էդ բանը չանեք, ես անկեղծ եմ ասում: Ընդհանրապես պետք չի, ոչ քեզ, ոչ ինձ:

Ժիրայր Սեֆիլյան - Ի՞նչ ենք անում, որ:

Վիտալի Բալասանյան - Էդ երթը մի արեք:

Ժիրայր Սեֆիլայն- Հա, բայց ի՞նչ ա, դրա մեջ ի՞նչ կա:

Վիտալի Բալասանյան - Ես քեզ խնդրում եմ, մի արեք: Եթե չես կատարում իմ խնդրանքը, ուրեմն, ես պիտի գամ վաղը ընդեղ կանգնեմ, Ղարաբաղի հատվածի.

Ժիրայր Սեֆիլյան-  Վիտո ջան, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու, որովհետև մենք չենք գալիս խառնելու:

Վիտալի Բալասանյան - Լսի, մինչև վերջ ասեմ: Ես մտահոգված եմ (...): Իմ ասածը լսի արա: Այլապես, ինձ ուրիշ վարիանտ չի մնում, անկեղծ եմ ասում, ես պիտի ստիպված վեր կենամ գամ Զաբուխ:

Վիտալի Բալասանյան - Արի մեխանիկորեն պռոբլեմ չսարքենք, հետո հերոսաբար հաղթահարենք: Դու ինձ լսի: Ես ինֆորմացիան 100 տոկոս տիրապետում եմ, ինչ է կատարվելու: Դու ինձ լսի:

Ժիրայր Սեֆիլյան - Երկիրը կուլ են տալիս, 42 հազարն են կուլ տալիս, մենք դրա դեմը առնենք: Էս մի քանի : Չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ, որովհետև լսում են մեզ:

Վիտալի Բալասանյան - Ինձ լսի չգաք: Ինձ իզուր տեղը քաշ մի տուր բեր Զաբուխ, մեր հարաբերությունն էլ կփչանա»:

Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: