Մալիի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի զինյալները պատասխանատվություն են ստանձնել Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի ահաբեկչության համար, հաղորդում է Reuters-ը:

Մարտի 2-ին մի քանի ահաբեկչական խմբավորումներ գրեթե միաժամանակ հարձակվել էին Բուրկինա Ֆասոյի Գլխավոր շտաբի, Ուագադուգուում Ֆրանսիայի դեսպանատան եւ ֆրանսիական մշակույթի կենտրոնի շենքերի վրա: Ըստ իշխանությունների՝  հարձակումների զոհերի թիվը տատանվում է 7-ից մինչեւ 30-ը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել, սակայն շենքը գրոհելու փորձի ժամանակ  ահաբեկիչները սպանել են դիվանագիտական առաքելությունը հսկող տեղական ժանդարմներից մեկին:

Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոք Մարկ Քրիստիան Քոբորեն իր հերթին կոչ է արել երկրի քաղաքացիներին սերտորեն համագործակցել ուժային կառույցների հետ` հանուն ահաբեկիչների դեմ հաջող պայքարի: