Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Հ1» հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների դիտարկում է կատարել` արձանագրելով մի շարք խախտումներ: Դիտարկման արդյունքները ներկայացվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին` համապատասխան նամակով: Ստորեւ ներկայացնում ենք այդ րդյունքները:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյանին

Պատճենները`

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա.Հարությունյանին
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհ. Հովսեփյանին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից
10 հունվարի, 2011
Դիմում-1/2011

Պարոն Ամալյան,

Ձեզ եւ ՀՌԱՀ մյուս անդամներին այս նամակով տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կատարած դիտարկումը ցույց է տալիս հետեւյալը.

1. Առավոտյան ժամը 07:52:26-ից մինչեւ 24:00:00-ը 16 ժամ 07 րոպե 34 վայրկյան ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 02 ժամ 01 րոպե 57 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 12,6 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը եւ այն գերազանցվել է 5,6 տոկոսով, կամ սահմանվածի 80 տոկոսի չափով:

2. Տասներկու անգամ առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը (ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը): Առավելագույն գովազդի ծավալի չափը չի խախտվել մնացած 4 ժամերի դեպքում:

3. Վեց դեպքում առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 10 րոպեն (ՀՀ «Գովազդի մասին» օրենքով սահմանված առավելագույն չափը):

4. Ժամը 22:50:41-ից մինչեւ 23:44:29 հեռարձակված «Ռետրո-22.30» հաղորդումը հեռարձակվել է 0:00:22, 0:10:12, 0:11:53, 0:18:52, 0:06:37 տեւողությամբ հինգ մասերով եւ ընդմիջվել է գովազդային եւ հովանավորների հիշատակմամբ գովազդային չորս բլոկներով, ինչով խախտվել է  ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ հոդվածի պահանջը:

Պարոն Ամալյան, այս նամակին կից ՀՌԱՀ-ին եմ ուղարկում «Հ1» հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների մեր վերծանման աղյուսակը: Խնդրում եմ քննության առնել վերը բերածս փաստերը եւ համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բարի եղեք այս նամակում բերածս խնդիրների Ձեր ուսումնասիրությունների եւ ձեռնարկած միջոցների մասին տեղեկացնել ինձ»: