Նյու-Յորքի մետրոյում հարյուրավոր  մարդիկ շրջել են առանց տաբատի: Ակցիան իրականացվել է «Մետրոյում  առանց տաբատների» խորագրով ֆլեշմոբի շրջանակում (No Pants Subway Ride), որը թվով 10-րդն է:

Տեղի ժամանակով 15:00-ին ֆլեշմոբի մասնակիցները մտել են մետրոյի վագոններ նախօրոք պայմանավորված վեց կայարաններում:

Ի սկզբանե  երիտասարդների պահվածքը շատ ուշադրություն չի գրավել: Նրանք, ինչպես մետրոյով երթեւեկող շատ ուղեւորներ,  սկսել են ամսագիր ու գիրք կարդալ, կամ էլ պարզապես իրենց առջեւն են նայել:

Սակայն այն կայարանի մոտ, որտեղ մասնակիցները պայմանավորվել էին դուրս գալ, նրանք վեր են կացել իրենց տեղերից եւ հանել են մարմնի ներքեւի հատվածը փակող շորերը: Մասնակիցներից շատերն այդ առթիվ հագել էին գույնզգույն ներքնաշորեր, գծերով կամ կլորներով վարտիքներ:

Ֆլեշմոբի մասնակիցներն իրենց տարօրինակ պահվածքի մասին հնարավոր հարցին պետք է պատասխանեին, որ «իրենց հարմար չէ անդրավարտիքներով»:

Նման ակցիաներ անցկացվում են աշխարհի տարբեր քաղաքներում` Բեռլինում, Լոնդոնում, Բարսելոնում, Բուենոս-Այրեսում եւ Վաշինգտոնում: