Լոռու մարզի Դեբետ համայնքում նախօրեին՝ մարտի 11-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքապետի պաշտոնի համար մրցակցող 4 թեկնածուներից հաղթող է ճանաչվել համայնքի նախկին ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը: Նախնական տեղեկություններով, նա ստացել է 153 ձայն, մրցակիցներից ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը՝ 134, ՀՅԴ-ական Արայիկ Սարգսյանը՝ 107, ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը՝ 86 ձայն:
Հետաքրքրական է, որ անկուսակցական թեկնածուն կարողացել է ակտիվորեն մրցակցել երեք կուսակցական թեկնածուների հետ ու հաղթել:
Աշոտ Ղազարյանը վերջին տարիներին աչքի էր ընկնում իր ակտիվ գործունեությամբ: Չնայած դրան, նորընտիր համայնքապետը մեզ հետ զրույցի ժամանակ անկեղծանում է. «Ավագանին ոչ մեզ մոտ, ոչ էլ Հայաստանի որեւէ այլ համայնքում արդյունավետ չի աշխատել, ինչն ունի իր սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները: Այս անգամ պետք է ամեն ինչ անենք, որ համայնքի ղեկավար-ավագանի համագործակցությունն ավելի ակտիվ ու արդյունավետ լինի:
Գյուղի կարեւորագույն խնդիրը նորընտիր համայնքապետը համարում է խմելու ջրով ապահովման հարցը: Ասում է՝ առաջինը, որ պետք է Դեբետի համար անեմ որպես համայնքի ղեկավար, բնակչությանը խմելու ջրով ապահովումն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:
Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում այսօր՝ մարտի 11-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 246 ընտրող։




























