Կարեւոր տվյալներն արդեն կարելի է պահել ոչ թե համակարգիչների վրա, որոնք կարող են «կախվել», այլ սովորական բակտերիաների, որոնց կյանքը հաշվվում է հազարամյակներով: Հոնգկոնգի Չինական համալսարանի ուսանողների խումբը կարեւոր քայլ է կատարել սովորական բակտերիան (տվյալ դեպքում՝  աղիքային ցուպիկը)… տվյալների բազա դարձնելու գործում:

Այդ ոլորտում ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն արվել է 2007թ., երբ ճապոնական Կեյո համալսարանի աշխատակիցները Էյնշտեյնի հայտնի (E=mc²) հավասարումը կոդավորել են սովորական բակտերիայի ԴՆԹ-ի մեջ:

Քանի որ միկրոօրգանիզմները մշտապես վերարտադրվում են, դրանք կարող են պահել այդ տեղեկությունը հազարավոր տարիներ:

Օլդրին Իմն ու նրա թիմն ավելի հեռու են գնացել: Նրանք տվյալների սեղմման մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս հաղթահարել ծավալի սահմանափակումները: Հեռանկարները ստվերում են ցանկացած երեւակայություն: Բակտերիայի մեկ գրամը կարող է պահպանել նույնքան տվյալ, որքան 2 Տբ ծավալով 450 կոշտ սկավառակը: