Ռուսաստանը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկի թուլ չտալու համար «Հարավային գազային միջանքի» նախագծի իրականացումը, որի հիմնական մասն է հանդիսանում նաեւ Nabucco-ն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Ռուսաստանի ազգային ռազմավարության խորհրդի համանախագահ, տնտեսագետ եւ քաղաքագետ Իոսիֆ Դիսկինը։ Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից ցանկացած նմանօրինակ գործողություն կմեծացնի նրա եւ ԵՄ-ի միջեւ լարվածությունը։
«Այդ նախագիծը կարող է փլուզվել նաեւ առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ օժտված է շատ ռիսկերով։ Այդ տարածաշրջանում առկա է քրդական խնդիրը, Մերձավոր Արեւելքը շարունակում է ռիսկային գոտի մնալ։ Այս ամենը կարող է բերել նրան,որ ինչ-որ փուլում «Հարավային գազային միջանքը» շարունակություն չի ունենա»,- կարծում է փորձագետը։
Հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում ԵՄ-ն եւ մասնավորապես Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն արհամարում բոլոր այս հանգամանքները, Դիսկինը նկատեց, որ վերջինս «բուշյան» դարաշրջանի հին հայացքներին հավատարիմ մարդ է։ «Սա նրա վաղեմի դիրքորոշումն է՝ ինչ որ դուրս է գալիս Ռուսաստանից, բացասական բնույթ է կրում»,-ասաց տնտեսագետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Ադրբեջան մեկնելու նախօրեին հայտարարել էր, որ ԵՄ շահագրգռված է Եվրոպա էներգոռեսուրսների մատակարարման երկարատեւ անվտանգության մեջ եւ որ ինքը՝ Բարոզուն, մտադիր է գործի դնել հնարավոր բոլոր ջանքերը «Հարավային գազային միջանքի» նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ։




























