Հայաստանի զարգացման հիմնադրամը 2018 թ. 16.3 միլիոն դոլարի չափով աջակցություն է ցուցաբերելու տեղական արտադրանքին, իսկ հանրապետության տնտեսության մեջ 46.8 միլիոն դոլարի ներդրում է կատարվելու: Այս մասին մարտի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ արդեն իսկ սահմանել է 2018 թվականի նպատակներն ու խնդիրները: Բացի այդ, հաստատվել է Հիմնադրամի նոր անվանումը, նոր կորպորատիվ ոճը: Այսուհետ Հայաստանի զարգացման հիմնադրամը կվերանվանվի «Բիզնես Հայաստան» հիմնադրամի»,- հայտնեց գործադիր տնօրենը:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Ավագյանը, այս տարի Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կգործարկվի Select Armenia համապարփակ էլեկտրոնային պլատֆորմը, որտեղ կներկայացվեն երկրի ներդրումային հնարավորություններն ու արտահանման ներուժը:
Արմեն Ավագյանի խոսքով՝ անցյալ տարին բավականին հետաքրքիր ու արդյունավետ էր Հայաստանի եւ Հիմնադրամի համար: Ռեսուրսներն օպտիմալացվել են, իսկ հիմնադրամն ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված է սկսել աշխատել: Ինչպես նշել է գործադիր տնօրենը, օտարերկրյա ներդրողները հիմնականում հետաքրքրված են ծանր եւ թեթեւ արդյունաբերությամբ, տեքստիլով, սննդի արտադրությամբ, ինչպես նաեւ՝ գյուղատնտեսության ոլորտով: Այս գործում բավական դրական դեր է խաղում նաեւ վերջերս բացված «Մեղրի» ազատ տնտեսական գոտին:
Արմեն Ավագյանը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում հայկական 75 ընկերություն մասնակցել է 11 միջազգային ցուցահանդեսի՝ նոր գործարար կապեր հաստատելով եւ ռեկորդային 5 մլրդ 391 մլն դրամի պայմանագրեր կնքելով: Սա երկու անգամ ավելի է, քան՝ նախորդ տարի:
2017 թվականին ավելի քան 5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. Հայաստանի զարգացման հիմնադրամ
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























