2017թ․-ին խաղալիքների ոլորտում տնտեսվարողներից 83 տոկոսի մոտ խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը։

«Մենք միշտ հորդորում ենք չգնել առանց սերտիֆիկատի խաղալիք, վաճառողը պարտավոր է ներկայացնել սերտիֆիկատը, հակառակ դեպքում հաճախորդը պետք է հրաժարվի գնել խաղալիքը։ 2017թ․-ին վտանգավոր խաղալիքներ չեն հայտնաբերվել, միայն դեպքեր են եղել, երբ սերտֆիկատ չեն ունեցել, կամ առանց հայերեն մակնշման են եղել»,- ասաց Լեւոն Խալիկյանը։

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, վերջին անգամ վտանգավոր խաղալիքներ հայտնաբերվել են 2012-2013թթ․-ին:

Նշենք, որ տեսչական մարմինը նախորդ տարի ստուգումներ է իրականացրել խոշոր ներմուծողների մոտ: