2017թ․-ին Հանրապետությունում ավտոմոբիլիային բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով զբաղվողների 67 տոկոսի մոտ խախտումներ են հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը։

«Ամենատարածված խախտումներից է այն, որ հորերը չեն մաքրում, դրանից բենզինի որակն ընկնում է: Դեպքեր են եղել, երբ քիչ են լիցքավորել, օրինակ, տախտակին 20 լիտր է ցույց տալիս, բայց իրականում 19 լիտր կամ 18,5 լիտր են լիցքավորել: Բացի դրանից, կան դեպքեր, երբ ռեգուլյար բենզինը վաճառել են ավելի բարձր գնով»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ ճիշտ են տեղեկությունները, որ վառելիքին ջուր են խառնում, Լեւոն Խալիկյանն արձագանքեց. «Անհնար է նման բան, եթե մեկը lինի, կարողանա դա անել, Նոբելյան մրցանակ կստանա»: