ԱՄՆ Միդուեյ մարջանի կղզում հազարավոր ալբատրոսներ են տուժել արյունախում մկների պատճառով: Այս մասին նշված է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ձկնային պաշարների եւ վայրի կենդանիների պահպանության ծառայության կայքում, փոխանցում է Gazeta-ն:
Մարջանի կղզում ալբատրոսները բնադրում էին կատարում տասնամյակներ շարունակ, սակայն 2015 թվականից դիտորդները թռչունների գլխին, վզին, մեջքին բաց վերքեր են սկսել նկատել: ԱՄՆ ձկնային պաշարների եւ վայրի կենդանիների պահպանության ծառայության աշխատակիցները սկզբում մտածել են, թե նրանց վրա հարձակվում են բվերը կամ բազեները, սակայն վերքերն այլ տեսք ունեին: Այդ ժամանակ դիտորդները մարջանի կղզում տեսախցիկներ են տեղադրել եւ սարսափազդու տեսարանի ականտեսն են դարձել. սովորական տնային մկները հարձակվում էին ալբատրոսների վրա, կառչում նրանց մեջքին եւ ժանիքներով մարմնի մեջ մխրճվում:
Մկներն ատոլում են հայտնվել մոտ 75 տարի առաջ եւ մինչեւ հիմա թռչունների նկատմամբ ագրեսիա չեն դրսեւորել, նշում են մասնագետները: Սակայն վերջին մի քանի տարում մկները սպանել են նվազագույնը հազար ալբատրոսի եւ անթիվ անհամար թռչունների հարկադրել են մարջանի կղզին լքել: Մասնագետները կարծում են, որ մկներին հարձակման է դրդել ծարավը եւ ինչ-որ հեղուկ, օրինակ՝ արյուն, գտնելու ցանկությունը: Իսկ ալբատրոսները ձվադրում կատարելիս, բնազդին ենթարկվելով, չեն կարողացել բները լքել:
Հարձակումները սպառնում են ալբատրոսների պոպուլյացիայի թվաքանակի պահպանմանը՝ թռչնի զույգը 2 տարին մեկ ունենում է միայն մեկ ժառանգ, այն դեպքում, երբ մկների զույգը կարող է մի քանի 100 ձագ ունենալ: Մասնագետները պատրաստվում են իրավիճակի դեմ պայքարել կրծողներին ոչնչացնող թույների միջոցով:



























