Սպանդանոցային ծառայությունները էականորեն չեն ազդի Հայաստանում մսի գների վրա։ Այս մասին մարտի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սննդի պետական անվտանգության ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը։
Նա նկատել է, որ անասնաբուժական տեսչությունը, որը հանդիսանում է բացառապես սպանդանոցով անցած կենդանական ծագում ունեցող արտադրանքի վաճառքի պահանջի նախագծի հեղինակ, իրավասու չէ կարգավորել գինը պետական գնումների գործընթացում կամ սպառողական շուկայում. «Այնուամենայնիվ, պետք է նշել, որ սպանդանոցները գործել են նաեւ նախկինում եւ դրանք ազդել են գնագոյացման վրա»,–նշել է նա։
Նրա հավաստմամբ՝ սպանդանոցային մորթի ծառայությունների արժեքը ողջամտության սահմաններում են, քանի որ նրանց միջեւ մրցակցություն է ծավալվելու։ Մելիքյանը հիշեցրել է, որ անասուններին սպանդանոցներում մորթելու պահանջը պետական գնումների շրջանակներում գործում է 2018 թվականի մարտի 1-ից, իսկ հուլիսի 1–ից այն կսկսի գործել երկրի ամբողջ տարածքում։
«Այս պահանջն անհրաժեշտ է անասունների քաղաքակիրթ մորթի իրականացման համար, որը իրականացվում էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ»,–ասել է Մելիքյանը։
Նա նշել է, որ Հայաստանի տարածքում գործում է 18 սպանդանոց, 23-ն էլ դեռ կկառուցվեն, ինչպես նաեւ կա 40 դիմում։ Այդպիսով, սպանդանոցների թիվը երկրում կհասնի 70-ի, որոնք տեղաբաշխված կլինեն շրջաններում՝ անասունների գլխաքանակին եւ ծառայության պահանջարկին համապատասխան։
Ինչպես նաեւ կորոշվի անասունների տեղափոխման հարցը, քանի որ սպանդանոցային բիզնեսի զարգացման հետ մեկտեղ կներդրվի նաեւ այս ծառայությունը, հատկապես որ Հայաստանում արդեն կան ընկերություններ, որոնք մասնագիտացված են անասունների տեղափոխմամբ։ Պաշտոնյայի խոսքով, սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն եւ իրացվեն անվտանգությունը հավաստող ձեւ 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ու ամբողջականությունն ապահովելու նպատակով: Ձեւ 5-ը կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով՝ բացառելով նախկինում վերահսկողության շրջանակներում հայտնաբերված դեպքերը, երբ մատակարարվում էր անհայտ տեղից գնված միս:
Տեղեկացնենք, որ սպառողը նույնպես կարող է պահանջել այս պիտակը եւ ստուգել դրա իսկությունը ինքնուրույն՝ հեռախոսի օգնությամբ, QR-կոդի միջոցով եւ տեղում ստանալ վաճառվող մթերքի մասին տեղեկատվություն:




























