ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի անցման փուլերը, սպանդանոցների բախշվածությունն ըստ մարզերի, ինչպես նաեւ խոսել է միսն ուղեկցող ձեւ 5 փաստաթղթի տրամադրման կարգի մասին:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները եւ ժամանակացույցը, ըստ որի՝ 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Մինչ այդ՝ մարտի 1-ից, պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումներով մատակարարման ոլորտում՝ որպես առաջնահերթություն խստացնելով հսկողությունը կրթական եւ նախակրթական հաստատություններում երեխաներին մատակարարվող մսի նկատմամբ: Սակայն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսավարողների հետ ինտենսիվ աշխատանք սկսել է ավելի վաղ՝ դեռեւս 2017 թվականին, եւ շարունակել այն 2018 թվականին՝ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելով այս ոլորտում գործունեություն ծավալող եւ շահագրգիռ կողմերի՝ սպանդանոցների սեփականատերերի, մատակարարաների, իրացնողների, հետ եւ տեղեկացրել վերջիններիս սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի բոլոր մանրամասները: Ուղարկվել է ավելի քան 700 հասցեական ծանուցում, տեսահոլովակների ու տեղեկատվական թերթիկների միջոցով ապահովվել է հանրային իրազեկում: Միաժամանակ, փոփոխության մասին տեղեկացվել են ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները. արդյունքում՝ պետական գնումներով մրցույթը շահած մատակարարման պայմանագրերում ամրագրված է, որ միսը պետք է լինի բացառապես սպանդանոցային ծագման:
Ծառայությունը, հաշվի առնելով հանրապետությունում գործող սպանդանոցների թիվը, ուսումնասիրելով համայնքներում առկա անասնագլխաքանակը եւ գնահատելով պահանջվող սպանդանոցների անհրաժեշտությունը՝ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի հետ նախաձեռնել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր՝ ուսուցողական, տեղեկատվական, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով տիպային սպանդանոցների ստեղծման համար: Ներկայումս հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվում է 23 նոր սպանդանոց (երկուսն արդեն կառուցվել են), որոնց տեղաբախշումը կատարվել է նկատի ունենալով համայնքներում անասնագլխաքանակն ու օրական միջին մորթը՝ ապահովելու նպատակով համաչափ սպանդանոցային ցանց հանրապետության ողջ տարածքում: Միաժամանակ, ստացվել են սպանդանոց կառուցելու լրացուցիչ նոր հայտեր՝ ավելի քան 40: Արդյունքում, 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ նվազագույնը 70 սպանդանոց, ինչը կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը:
Բանախոսը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն եւ իրացվեն անվտանգությունը հավաստող ձեւ 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ու ամբողջականությունն ապահովելու նպատակով: Ձեւ 5-ը կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով՝ բացառելով նախկինում վերահսկողության շրջանակներում հայտնաբերված դեպքերը, երբ մատակարարվում էր անհայտ տեղից գնված միս: Թռչնաբուծարաններն արդեն անցել են էլեկտրոնային եղանակով ձեւ 5-ի տրամադրմանը, իսկ սպանդանոցներին, որոնք նոր են անցնում այս փաստաթղթի շրջանառությանը, Ծառայությունն արդեն տրամադրել է 2500 ձեւ 5, որից իրացվել է արդեն 1701-ը (143 հազար 240 կգ ԽԵԿ մսի համար): Տեղեկացնենք, որ սպառողը նույնպես կարող է պահանջել այս պիտակը եւ ստուգել դրա իսկությունը ինքնուրույն՝ հեռախոսի օգնությամբ, QR-կոդի միջոցով եւ տեղում ստանալ վաճառվող մթերքի մասին տեղեկատվություն:
Սպանդանոցային ծագման թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր՝ սպանդանոցային մորթի անցնելու փուլերին համընթաց: Թեեւ մի շարք ոլորտների համր նորմը դեռ չի գործում, Ծառայությունն արդեն 152 միս-մսամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների տվել է սանիտարական անձնագրեր:
Լրագրողների հարցերին ի պատասխան ՍԱՊԾ պաշտոնյան ընդգծել է, որ Ծառայության գերխնդիրը մսի անվտանգությունն ապահովելն ու վտանգները կանխարգելելն է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Ինչ վերաբերում է մատակարարվող մսի գնին, ապա դրա կարգավորման դաշտում որեւէ լիազորություն կամ գործառույթ ՍԱՊԾ-ն չունի: Վերջերս շրջանառվող պատճառաբանության վերաբերյալ, թե մոտ տարածքում չկա սպանդանոց եւ՝ որ դա խոչընդոտում է մսի մատակարարմանը, բանախոսը նկատել է,-«Մատակարարներն ընդամենը մի քանիսն են, որոնք, մրցույթը շահելով եւ, տեխնիկական բնութագրով պարտավորվելով մատակարարել միայն սպանդանոցային ծագման միս, պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները: Իսկ սպանդանոցների հզորություններն այսօր թույլ են տալիս ապահովել մանկապարտեզներին պահանջվող մսի ծավալով»:
Չնայած, որ 2017 թվականի ընթացքում տնտեսավարողներին պարբերաբար տեղեկացվել է այս նորմի մասին՝ պահանջը նոր է սկսել գործել պետական գնումներով մատակարարողների համար, եւ Ծառայությունը, ստացված արդյունքները ամփոփելուց հետո, հսկողություն կիրականացնի սպանդանոցային ծագման մսի մատակարարման ողջ շղթայում:




























