Կառավարության այսօրվա՝ մարտի 29-ի նիստում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին:

«Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման եւ մարզային խորհրդակցությունների ընթացքում պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016-ի ցուցանիշների համեմատությամբ 2017-ին գրանցվել է ցուցանիշների զգալի դրական աճ, այդ թվում ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ շինարարության, աղբահանության եւ այլ ոլորտներում:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշներ, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,-ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման ու զարգացման, Ֆինանսների նախարարներին ու մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես, անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքերում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու  համար անհրաժեշտ ցուցանիշներին:

Նա հանձնարարեց իրականացված աշխատանքների մասին ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ:

ՀՀ վարչապետը Տարածքային կառավարման ու զարգացման, Ֆինանսների նախարարին եւ բոլոր մարզպետներին հանձնարարեց մարզպետարանների աշխատակազմի ու ենթակայությամբ գործող այն ոլորտներում, մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին: