Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Հինգշաբթի ծիսակատարության  շրջանակում լվացել եւ համբուրել է 12 բանտարկյալների ոտքերը, ներառյալ երկու մուսուլմանի եւ բուդդայականի, հայտնում է Reuters-ը:

Պապն  արդեն վեցերորդ տարին է, որ անցկացնում է  ոտքերի լվացման այս ծեսը, ինչի կապակցությամբ պահպանողականները քննադատում են նրան, որ նախորդ ծեսին մասնակցել են  կանայք եւ ոչ քրիստոնյաներ:

Այս անգամ նա այցելել է Ռիջինա Կոելի բանտը: Միջոցառմանը մասնակցել է 12 բանտարկյալ՝ Իտալիայից, Ֆիլիպիններից, Մարոկոյից, Մոլդովայից, Կոլումբիայից եւ Սիերա Լեոնեից: Նրանցից ութը կաթոլիկ են, երկուսը՝ մուսուլման, մեկը՝ ուղղափառ եւ մեկը՝ բուդդայական:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նաեւ քարոզով է հանդես եկել, որտեղ նշել է, որ շատ պատերազմներից կարող էինք խուսափել, եթե ավելի շատ ղեկավարներ համարեին իրենց ծառաներ եւ ոչ թե հրամանատարներ: Հռոմի Պապը մահապատիժն  անվանել է անմարդկային եւ ոչ քրիստոնեական պատիժ: