Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այսօր պայքարի ելած անհատների ու ուժերի միավորման դեպքում, այդ հաղթանակը 100 տոկոսով երաշխավորված է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը։

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայատարարությանը, որ այս ճակատում պայքարի մեխանիզմների վերաբերյալ իրարամերժ գնահատականներ կան, Մակեյանն ասել է, որ ճակատում բոլորը կողմնակից են խաղաղ պայքարի, իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի, Պավլիկ Մանուկյանի այն կոչերը, որ պետք է այս իշխանության դեմ զինված պայքարի ելնել, ճակատի ծրագրերի հետ աղերս չունի։ Մակեյանը հիշեցրել է, որ նրանք ճակատի անդամներ չեն։

«Ուժային քայլի գնալը նշանակում է պարտության տանել ժողովրդին, մենք համամիտ ենք Նիկոլի առաջարկի հետ, որ խաղաղ ընդվզում լինի, խաղաղ համաժողովրդական ճնշում լինի։ Եւ այդ ճանապարհով  պետք է կանխել  վարչախմբի վերարտադրությունը։ Եթե  իրարամերժ գնահատակններ ասելով՝ նկատի ունեն Վարուժան Ավետիսյանի եւ ժիրայր Սեֆիլյանի կոչերը, ապա դա ճակատի հետ կապ չունի։  Վարուժան Ավետիսյանը մեր ճակատի անդամ չէ։ Նա  իմ ընկերն է, իր կարծիքը հայտնում է, լսում ու քննարկում ենք, բայց դեմ ենք ուժային ճանապարհին»,-ասաց մակեյանը:

Նա նշեց, որ մի անգամ էլ իրենց քննարկման ժամանակ է մի ազատամարտիկ  նույնաբովանդակ ելույթ ունեցել, բայց դա դեռ չի նշանակում, որ ճակատում իրարամերժ գնահատականներ կան։

«Եթե,  մեր ճակատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, Զարուհու շարժումը եւ բոլոր այն ուժերը, որոնք մտել են այս գործընթացի մեջ ու չմիավորվեն ու այս պայքարը հաղթանակով չավարտվի, ապա մեղավոր են թվարկածներիցս յուրաքանչյուրը։  Համագործակցության ու համախմբման պայմաններում հաղթանակը 100 տոկոսով երաշխավորված է, իսկ չմիավորվելու դեպքում մեղավոր են նրանք, որոնք ինչ–որ շարժառիթներով խուսափել են եւ համագործակցությունը չի ստացվել»,–ասաց Մակեյանը։

Պետրոս Մակեյանը նշեց, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման հավաքին իրենք էլ ներկա կգտնվեն, իսկ տարբեր անհատների ու ուժերի  հետ միավորվելու շուրջ բանակցությունները շարունակվում են։