Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը բարեփոխումների իրականացում է ենթադրում դրա բոլոր հատվածներում: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Առաջին հատվածը, որտեղ, ըստ Մակարյանի, անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել, փոքր բիզնեսն է, որի մասնաբաժինը ՀՆԱ-ում ընդամենը 27 տոկոս, իսկ հարկային եկամուտներում եւ արտահանման մեջ չնչին մաս է կազմում՝ չնայած դրա կարեւոր սոցիալակն նշանակությանը, քանի որ այն ախահովում է քաղաքացիների զբաղվածությունը, այդ թվում նաեւ ինքնազբաղվածությունը եւ ընտանեկան բիզնեսը: Երկրորդ սեգմենտը, ըստ ՀԿ-ի ղեկավարի, միջին եւ խոշոր բիզնեսն է, որը ՀՆԱ-ի 73 տոկոսն է կազմում և հարկային եկամուտների եւ արտահանման՝ գերակշիռ մասը, ավելին՝ այն մեծ դեր է խաղում ֆիսկալ քաղաքականության մեջ:

Երրորդը ստվերային բիզնես է, որտեղ պետք է ձեռնարկությունների ֆորմալացում իրականացվի՝ ինչպես փոքր, այնպես էլ միջին եւ խոշոր, այդ թվում նաեւ՝ աշխատուժի, շրջանառության եւ հարկերի առումով: «Կառավարությունն ու պետական պաշտոնյաները, որոնք գործարար միջավայրի բարելավման նպատակով բարեփոխումներ են իրականացնում, պետք է հաշվի առնեն դրա բոլոր հատվածները եւ ոչ թե կենտրոնանան միայն ֆիսկալ քաղաքականության վրա: Այդպես իշխանությունները չեն կարող ապահովել Հայաստանի գործարար միջավայրի բոլոր հատվածների բարեփոխումները, քանի որ գնահատականները, խնդիրների վերլուծությունը եւ դրանց լուծման մեխանիզմները արդյունավետ չեն», - ասաց նա:

Մակարյանի խոսքով՝ մեկ այլ հանգամանք, որի պատճառով Հայաստանում գործարար միջավայրի բարելավում տեղի չի ունենում, պետական պաշտոնյաների եւ բիզնեսի սերտաճումը, պաշտոնյաների եւ նրանց մերձավորների բիզնես շահերի կոնֆլիկտը, նրանց ցածր մոտիվացիան եւ անփութությունն են, ինչի համար նրանք որեւէ պատասխանատվություն չեն կրում: Հայաստանում բիզնեսի զարգացմանը խոչընդոտում են նաեւ տեսչական ստուգումների ժամանակ գործող երկակի ստանդարտներն ու անհավասար պայմանները:

«Անհրաժեշտ է բիզնեսի վարման մշակույթ ստեղծել, որը թափանցիկություն, օրենքի առաջ հավասարություն, տեսչական ստուգումների դեպքում հավասար պայմաններ, աշխատողների իրավունքների պաշտպանություն եւ նրանց շահերը ներկայացնող կառույցների ակտիվություն է ենթադրում»,- նշեց հասարակական կազմակերպության ղեկավարը:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ եւս մեկ չարիք են պետական պաշտոնյաների, նախարարների եւ անգամ վարչապետի ոչ պրոֆեսիոնալ խորհրդականները, որոնք ոչ կոռեկտ խորհուրդներ են տալիս պաշտոնյաներին եւ պիտանի են միայն որպես օգնական: