Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նախորդ առաքելությունների ընթացքում նրա կուտակած փորձը, ինչպես նաեւ տարածաշրջանի իմացությունը թույլ կտան լավագույնս իրականացնել իր առաքելությունը Հայաստանում:

«ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից եւ Երեւանում գրասենյակի հիմնադրումից քառորդ դար անց ՄԱԿ-ը Հայաստանում շարունակում է ընկալվել որպես խաղաղության, համագործակցության եւ զարգացման մարմնավորում: Այս առումով Ձեր գլխավորած գրասենյակի գործունեությունը շատ պատասխանատու է եւ կարեւոր մեր հասարակության համար: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ փորձելով մեր նպաստը բերել կազմակերպության առաջնայնությունների իրականացմանը, ինչպես նաեւ խաղաղ, անվտանգ միջավայրի ձեւավորմանը: Եվ սրա վկայությունը Հայաստանի ակտիվ մասնակցությունն է խաղաղապահ գործունեությանը, իհարկե, նաեւ մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը դարձել է մեր կառավարության վստահելի գործընկերը, եւ սրան, անշուշտ, նպաստել են մինչ այժմ կատարված աշխատանքն ու հաջողված ծրագրերը: Դրա լավագույն օրինակներից մեկը Հայաստանի ընտրական գործընթացներին նորագույն տեխնիկական միջոցների ներդրմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ցուցաբերած գործուն օժանդակությունն է, որը նպաստեց ընտրությունների առավել թափանցիկությանն ու այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր գործունեության մեջ: Հավատացած եղեք, որ Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանում գտնվելու այս կարճ ժամանակահատվածում արժանացել է ջերմ ընդունելության ու իրեն զգում է ինչպես տանը:

«Պարո՛ն Նախագահ, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Հայաստանում այն կարեւոր բարեփոխումների օրակարգի կապակցությամբ, որը Ձեր առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ նաեւ այն կարեւոր եւ սերտ համագործակցության համար, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ:

Ցանկանում եմ, մասնավորապես, ընդգծել Հայաստանի կառավարության ջանքերը Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների եւ մարդկության հանդեպ այլ հանցագործությունների կանխարգելման կապակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության պահպանման գործում՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով: Ուրախ ենք, որ Հայաստանում մեր գործունեությամբ հավելյալ արժեք ենք հաղորդում եւ գործուն աջակցություն ցուցաբերում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին»,- Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՄԱԿ-ի Օրակարգ 2030-ին եւ կայուն զարգացման նպատակների իրականացմանը, այդ համատեքստում՝ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին եւ դրանց իրականացման հարցում ՄԱԿ-ի կողմից իրագործվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: