Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Ջերմությամբ հիշելով ս.թ. հունվարին կայացած իր այցը Փարիզ եւ հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ ուրախությամբ են սպասում Ֆրանսիայի նախագահի պետական այցին, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման համար:

Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվում գագաթնաժողովի նախապատրաստության ուղղությամբ եւ հավաստիացրել է, որ Ֆրանսիան ամենայն աջակցություն կցուցաբերի այդ կարեւորագույն իրադարձության պատշաճ անցկացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին: