Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն հնարավորինս արագ անվավեր կհամարի պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա ավելի վաղ սահմանված մաքսատուրքերը, որպեսզի 2 երկրների փոխադարձ առեւտուրը նորմալ հուն վերադարձնի, նշված է Չինաստանի կոմերցիայի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքների համար հակամիջոցներ սահմանելու Պեկինի որոշումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Չինաստանի կոմերցիայի նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանն իր շահերը պաշտպանելու եւ վնասի փոխհատուցման համար որոշում է ընդունել ապրիլի 2-ից ԱՄՆ-ից ներմուծվող 128 անուն ապրանքների համար մաքսատուրք սահմանելու մասին՝ որպես Վաշինգթոնի կողմից պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրք սահմանելու հակամիջոց:
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակում կչեղարկի իր ընդունած միջոցառումները, որոնք հակասում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, դա կնպաստի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ համապատասխան ապրանքների վաճառքի վերադարձին նորմալ վիճակին»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ի առջեւ իր պարտավորությունների կատարման մասնակի դադարեցումը Չինաստանի, որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամի, իրավունքն է:
Չինաստանի կոմերցիայի նախարարությունը վերստին հայտարարել է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի համար, որոնք աշխարհի 2 խոշորագույն տնտեսությունն են, համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է, կողմերը պետք է եղած հակասությունները կարգավորեն երկխոսության ճանապարհով եւ առաջ մղեն հետագա համատեղ զարգացումը, ինչպես նաեւ զերծ մնան գործողություններից, որոնք ավելի ուժգին կվնասեն իրենց առեւտրատնտեսական հարաբերություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին ստորագրել էր «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագիրը, որով թույլ է տրվում Չինաստանից ներմուծվող արտադրանքի վրա սահմանափակումներ կիրառել: Նրա խոսքով դա Չինաստանին կարժենա մոտ 60 մլրդ դոլար: ԱՄՆ-ն, մասնավորապես, 25 տոկոս մաքսատուրք է սահմանել պողպատի եւ 10 տոկոս ալյումինի ներմուծման վրա: Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 23-ին: Թրամփը նշել էր, որ մաքսատուրքերը մտցվում են «Ամերիկայի ազգային անվտանգության պաշտպանության համար»:
Ի պատասխան՝ Պեկինը Վաշինգթոնին կոչ էր արել հնարավորինս արագ չեղարկել այդ մաքսատուրքերը, որոնք վնաս են հասցնում ինչպես մյուս երկրներին, այնպես էլ իրեն՝ ԱՄՆ-ին: Չինաստանի կոմերցիայի նախարարությունը հրապարակել էր ԱՄՆ-ից ներմուծվող 128 անուն ապրանքների ցանկը, որոնց համար ծրագրվում էր 15 եւ 25 տոկսի մաքսատուրք սահմանել, եթե չհաջողվի ԱՄՆ-ի հետ փոխհատուցային համաձայնագրի հասնել: Հաղորդվում էր, որ նախարարությունը մտադիր է մինչեւ մարտի 31-ը քննարկել պատասխան միջոցառումների ընդունումը:



























