Հայաստանի տարածքում ռուսական Ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայությունն անեհեթեություն է: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ եթե կազմավորումներն արդեն հանրապետության տարածքում են գտնվում եւ հետագայում պետք է գտնվեն, ապա «դա պետք է քաղաքակիրթ ձեւով կատարվի»: «Ես կարծում եմ, որ այստեղ դրանց ներկայությունը ոչ մի ձեւով պայմանավորված չէ Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հայ ընտանիքի սպանությամբ»,- հավելեց Արշակյանը: Նրա կարծիքով՝ սա պայմանավորված է Հայաստանում տեղակայված ռազամաբազայում ուղղակի «կարգ հաստատելու» ռուսական կողմի ցանկությամբ: Հայաստան այս ուժերի տեղափոխումը, նրա կարծիքով, վկայում է, որ «ռուսական իմպերիալիզմը, փաստորեն, անվերահսկելի է»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտարարվել էր Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ստեղծման մասին: «Նախկինում Գյումրիում ռուսական ռազմակայանում կարգուկանոնն ապահովելու համար առանձին պարեկներ էին առանձնացված, սակայն դրանում ներառված զինծառայողները չունեին հատուկ պատրաստվածություն: Ջոկատները, որոնք հիմա ստեղծվում են, կհամալրվեն մասնագետներով, որոնք ուսումնառություն են անցել Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում»,- նշվում էր հաղորդագրության մեջ:




























