Սեւանա լճի էկոլոգիական վիճակը վերջին երկու տարիներին բարելավել է։ Այս մասին ապրիլի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ բնական պայմանների լավացումը ուղղակիորեն ազդում է ձկների եւ խեցգետինների պոպուլյացիայի վրա: «Սեւանա լճի ձկնային պաշարները մոտ 2300 տոննա են կազմում, որից 2200-ը սիգին է բաժին ընկնում: Ծածանի պաշարները 47 տոննա են, իսկ Սեւանի իշխանի պաշարները՝ 15-17 տոննայի սահմաններում են», - նշել է նա:
Սրա հետ մեկտեղ Ղուկասյանն ընդգծել է, որ խեցգետինների քանակի դեպքում պատկերն այլ է, քանի որ ոչ ճիշտ որսագործիք օգտագործելու հետեւանքով դրանց պաշարները բավականին նվազել են՝ հասնելով 2700 տոննայի:
Անդրադառնալով ոռոգման նպատակներով Սեւանից ջրի բացթողնմանը՝ Էվելինա Ղուկասյանը հավաստիացրել է, որ լճի եւ լճի էկոհամակարգում դրա բացասական հետեւանքները դեռեւս ի հայտ չեն եկել. «Ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից։ Եթե երաշտ լինի, ապա Սեւանից ջրառի անհրաժեշտություն կլինի, ինչը բացասական հետեւանքներ կունենա»,–եզրափակել է նա։



























