Այսօրվա դրությամբ Սեւանից լրացուցիչ ջրառ չի նախատեսվում: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Վոլոդյա Նարիմանյանը:
Նրա խոսքով՝ չի քննարկվում նաեւ ժամկետից վաղ ջրի բացթողնման հարցը, սովորաբար ջրառը սկսվում է մայիսին կամ հունիսին, իսկ հատկապես երաշտային տարիներին՝ ապրիլին:
«Ներկայումս ջրի պակասուրդը նվազագույնի հասցնելու ուղղությամբ անցկացվող միջոցառումները թույլ կտան բավարարել ոռոգման ջրամատակարարումների բոլոր հայտերը, սակայն ջրօգտագործողները պետք է այդ հայտերը ժամանակին ներկայացնեն՝ մինչեւ սպասվող ցրտահարությունների սկսվելը, այլ լրացուցիչ խնդիրներ ես չեմ տեսնում»,- ընդգծեց պաշտոնյան:
Նա նշեց, որ ջրամբարներում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, մասնավորապես Ազատի եւ Ապարանի ջրամբարներում թերությունները վերացված են, Բնապահպանության նախարարության հետ բանակցություններ են վարվում Արփիլճի ջրամբարի վերանորոգման շուրջ: Կատարվում են նաեւ ջրանցքների վերանորոգման եւ մաքրման աշխատանքներ, այս պահին վերանորոգվել եւ մաքրվել է 210 առաջնային ջրանցք եւ 215 երկրորդային ու երրորդային ջրանցքներ: Վերանորոգվում են պոմպակայանները: Նախատեսվում է նաեւ 10-20 նոր պոմպակայանների ձեռքբերում խորը հորատանցքերի համար, 158-ի աշխատանքի երակարաձգում, 23 նորի հորատում եւ Արարատի ու Արմավիրի մարզերում 14 խորը հորանտանցքերի վերականգնում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել Ախուրյանի ջրամբարի լրիվ չլցվելու պատճառով ջրի պակասուրդը:
«Այսօրվա դրությամբ 70 հազար հա տարածքի ոռոգման պայմանագրեր են կնքվել, նախատեսված է կնքել եւս 30 հազար հա-ի ոռոգման պայմանագիր: Արարատյան դաշտավայրում արդեն սկսվել են ոռոգման գործընթացները, եւ ոռոգման ջրամատակարարման բոլոր հայտերը կբավարարվեն»,- հավաստիացրեց Նարիմանյանը:
ՀՀ ԱԻՆ «Օդերեւութաբանական ծառայության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լեւոն Ազիզյանն, իր հերթին, նշեց, որ 2018 թվականին գետերի գարնանային հորդացման օդերեւութաբանական պայմաններն անբարենպաստ են Հայաստանի մարզերի մեծ մասում սուղ տեղումների պատճառով, սակայն ապրիլ-հունիսի կանխատեսումները մխիթարող են. նորմայից բարձր տեղումներ են սպասվում, որն արդեն պետք է դրական ազդի գետերի հորդացման վրա: Ըստ որում՝ մարտի 31-ի դրությամբ ձյան ծածկույթ առկա էր միայն բարձր լեռներում՝ 2600 մետից սկսած, որը նորմայից 2 անգամ ցածր է:
«Ստեղծված եւ կանխատեսվող օդերեւութաբանական պայմաններում սպասվում է, որ գետերի հորդացումը նորմայից ցածր կլինի 1,5 – 2 անգամ»,- նշեց Ազիզյանը:
Նրա տվյալներով՝ ապրիլի 1-ին Սեւանի մակարդակը կազմել է 1900,53 մ, 2017 թվականի նույն օրվա ցուցանիշի նման: Ըստ որում՝ տարեսկզբից լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով, մինչեւ հուլիսի 1-ը ջրի մակարդակը պետք է բարձրանա 40-45 սմ-ով՝ հաշվի առնելով Սեւանա լիճ սպասվող 70-80 տոկոս գետահոսքերը, օրենքով նախատեսված 170 մլն խոր.մետր ջրառը, գոլորշիացման սպասվող մեծությունը, Արփա-Սեւան թունելով ջրահոսքը: Սակայն դրա հետ մեկտեղ, 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Սեւանի մակարդակը պետք է կազմի 1900,42 – 1900,47 մետր:
Ինչ վերաբերում է հիմնական ջրամբարներին, այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարը լցվել է 60 տոկոսով, Արփիլճի՝ 22 տոկոսով, Ազատի՝ 56 տոկոսով, Մարմարիկի՝ 33 տոկոսով, Ապարանի՝ 27 տոկոսով:
Հաշվի առնելով օդերեւութաբանական կանխատեսումները՝ նշված ջրամբարներն այս տարի պետք է լցվեն համապատասխանաբար՝ մինչեւ 72, 54-59, 93, 100 եւ 38-44 տոկոսով:



























