Լինի գազի բալոն, թե թթվածնի, ամեն մեկն իր ստուգման պարբերականությունն ունի, եւ պետք է վրան լինի մակնշումը՝ վերջին ստուգման օրվա նշումով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, ցավոք, պատկան մարմինները չեն աշխատում իրար հետ, նաեւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցված. «Ես պնդում եմ, որ եթե կառույցներն իրար հետ չաշխատեն, նաեւ վերահսկող աչքը չլինի, եթե ուսումնասիրություններ, մոնիտորինգներ չլինեն, մամուլը չլինի, միշտ էլ այս վիճակը կլինի»,-ասաց Արմեն Պողոսյանը:
Անդրադառնալով կոնկրետ «Քինգ բուրգեր» սրճարանում տեղի ունեցած պայթյունին, նա նշեց, որ կոնկրետ չի կարող ասել, թե որ կազմակերպությունն է թերացել. «Այս օրերին տեսնում ենք հայտարարություններ, որ ԱԻՆ-ը ուսումնասիրություններ է իրականացնում «մոլ»-երում, որ անվտանգությունը կարգին լինի, բայց ինչո՞վ համոզվենք, որ այնտեղ աշխատանքը գրագետ է արվել: Ազնիվ խոսքո՞վ: Հայտարարությունները, թե ստուգեցինք մոլերը, վերահսկեցինք, կարգի բերեցինք հրդեհաշիջման համակարգերը, ազնիվ խոսքով կլինի՞: Մեկ ուրիշ աչք է պետք կողքից»,-ասաց ՀԿ ղեկավարը:
Նրա խոսքով, բոլոր նման հաստատություններում անպայման պատին պետք է լինի տարհանման սխեմա. «Մեզ մոտ տարհանման սխեմաները ռեբուսի նման են, պետք է կանգնես ուսումնասիրես: Ո՞վ հրդեհի կամ երկրաշարժի ժամանակ ժամանակ ունի ուսումնասիրել: Դժվա՞ր է սլաքներով պարզ նկարել, որ նաեւ մատչելի լինի:
Բոլոր դեպքերում տարածքը եւ դուրս գալու չափերը պետք է համապատասխանեն իրար: Եթե մեծ է տարածքը, մեկ դուռը քիչ է: 1988-ի երկրաշարժի ժամանակ էլ շատ երեխաներ զոհվեցին, որովհետեւ դասարանների դուռը մեկն էր, աշակերտները՝ 30-ից ոչ պակաս»:
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Հանրապետության հրապարակում փուչիկները պայթեցին, հրդեհից բազմաթիվ երեխաներ տուժեցին, սակայն ամեն բան բարեհաջող մոռացվեց, ծածկվեց, գնաց, ոչ ոք չպատժվեց. «Ուստի ես լավատես չեմ, թե այս անգամ մեղավորները կպատժվեն: Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ապահովագրվա՞ծ ենք արդյոք, որ այլեւս չկրկնվեն նման դեպքեր»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): Նրանցից երեքին նախօրեին դուրս են գրել: Միայն 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակն է գնահատվել ծանր, նրան վիրահատել են, որը հաջող է անցել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
- 8-ամյա Ռուբինայի վիճակը արդեն միջին ծանրության է. մնացածը թեթեւ վնասվածքներ ունեն. Սամվել Կարապետյան (Ֆոտո)
- «Հանկարծակի պայթեց, կողքերով, վերեւով ինչ-որ բաներ փլվեցին». Պատմում են «Բուրգեր Քինգի» պայթյունից տուժածները (Ֆոտո)
- «Հատակին նստած լացում էր, կողքին ոչ ոք չկար». ո՞վ է օգնել «Բուրգեր Քինգում» պայթյունից վնասված 8-ամյա աղջնակին (Ֆոտո)



























