«Ելք» դաշինքում ընդգրկված «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ առճակատումը երկար սպասեցնել չտվեց։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի օրերս հրապարակած հոդվածը նոր կրքերի տեղիք է տվել։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագիրը տապալելու Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզը անընդունելի է «Լուսավոր Հայաստանի» համար։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նպատակահարմար է համարում այս փուլում ստանձնել իշխանությանը վերահսկելու եւ վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, որն այս պահին, ըստ Մարուքյանի, առավել հնարավոր եւ իրատեսական է: Էդմոն Մարուքյանը իր հոդվածում թվարկել է մի շարք կառույցներ, որտեղ «Ելք»–ից եւ քաղաքացիական հասարակությունից անդամներ ունենալու պարագայում հնարավոր է մոտենալ խորհրդարանական կառավարման համակարգին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր մեզ հետ զրույցում Մարուքյանին հակադարձել է՝ շեշտելով, թե պաշտոնների հավակնելու դեպքում պետք է «Ելք» դաշինքը իշխանության մաս դառնա եւ պատասխանատվություն կրի։ Բացի այդ՝ Վահրամ Բաղդասարյանը առաջարկել է գրավոր դիմել ՀՀԿ–ին այդ հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Էդմոն Մարուքյանը NEWS.am—ի հետ զրույցում կրկին անդրադարձել է իր հոդվածին՝ պարզաբանելով՝ ինչ է նկատի ունեցել։
«Իմ հեղինակած հոդվածը վերլուծություն էր ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիական հասարակության այն շերտերի համար, ովքեր պահանջատեր են Հայաստանը պառլամենտական կառավարման համակարգում տեսնելու հարցում։ Վահրամ Բաղդասարյանի արձագանքը չի բխում հոդվածի բովանդակությունից։ Հոդվածում խոսք չկա «Լուսավոր Հայաստանի» համար պաշտոններ ուզելու մասին, հոդվածում խոսք է գնում այն անկախ մարմիններում անդամներ ունենալու մասին, որոնք գործադիր իշխանության լիազորություն չունեն ու պատասխանատվության բեռ չեն կարող կրել այդ մարմիններում, որոնք փոխզսպող դերակատարում ունեն, եւ Սահմանադրությամբ նախատեսված է, որ այդ տեղերում պետք է նշանակվեն անկախ, վստահելի, անկաշկանդ թեկնածուներ»,–մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ այդ պաշտոններում առաջարկում է նշանակել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
«Ելք դաշինքը, քաղաքացիական հասարակության այն շերտերը, որ լուրջ վստահություն ունեն, պետք է կարողանան թեկնածուներ (քաղաքական համաձայնության արդյունքում) ներկայացնելու հնարավարություն ունենան։ Նշանակվեն մարդիկ, որոնք վերահսկող գործառույթ կունենան, եւ որոնց կսվտահի քաղհասարակությունը։ Խոսքը ՍԴ անդամի մասին է, Կենտրոնական հանձնաժողովում, Բարձրագույն դատական խորհրդում, Հաշվեքննիչ պալատում անդամներ ունենալու մասին է։ Այսինքն՝ էս պարագայում խոստացված պառլամենտական մոդելին կարող ենք մոտենալ։ Իմ հոդվածում խոսք չկա այն մասին, որ «Լուսավոր Հայաստանը» պաշտոններ է ուզել։ Պետք է կարդան ու հասկանան՝ ինչ եմ ասել»։
Ի դեպ, նշված հոդվածի պաշտոնների հատվածին բավական կոշտ է արձագանքել հոդվածագրի գործընկեր Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, թե իր քայլարշավը ընդդիմության համար որեւէ պաշտոն ապահովելու նպատակ չունի եւ չի ունեցել։ Փաշինյանն ասել է, որ Մարուքյանի գծագրած ճանապարհը տրորվել է ՀՅԴ-ի և «Օրիանաց երկիր» կուսակցության կողմից եւ կոչ է արել գործընկերներին՝ զերծ մնալ նման հայտարարություններից՝ «Ելք» դաշինքին իշխանությունների հետ թաքուն պայմանավորվողի տրամաբանության մեջ չդնելու համար։ «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը եւ Արտակ Զեյնալյանը այս փուլում չեզոք դիրք են գրավել, նրանք նույնպես չեն միացել Նիկոլ Փաշինյանի պայքարին եւ հրաժարվում են թեմայի շուրջ խոսել մինչեւ վարչապետի ընտրությունը։
Նշենք, որ Էդմոն Մարուքյանի նշած պաշտոնների թվում է նաեւ Աժ նախագահի տեղակալների պաշտոնները. «Մասնավորապես, իշխանությունը պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2֊ին նշանակելու քաղաքական իրավունքը, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու քաղաքական իրավունքը, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 2֊ին եւ ՀՌԱՀ 7 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Հաշվեքննիչ պալատի 7 անդամներից 3-ին նշանակելու իրավունքը, Կենտրոնական բանկի խորհրդում 8 անդամներից 2-ին նշանակելու հնարավորությունը, հնարավորություն տալ ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող ինստիտուտների առաջարկությամբ նշանակել ՏՄՊՊՀ 7 անդամներից 3-ին եւ ՀԾԿՀ 5 անդամներից 2-ին, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 3-ին՝ բնականաբար մրցութային եւ հարցազրույցի փուլերն անցնելու պարագայում»,–գրել էր Մարուքյանը։



























