Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման բարձրացման տեսանկյունից կարեւոր է ներդնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային հարթակ։ Այս մասին կառավարության ապրիլի 5-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ 
Նրա խոսքով, այս հարթակ պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Նշված հարթակի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդրումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի  գույքահարկի հաշվառման, վճարումների ձեւի, հավաքագրման տեսանկյունից:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Ֆինանսների, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներ Վարդան Արամյանին ու Դավիթ Լոքյանին եւ «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանին 5-օրյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել  տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային հարթակի ձեւավորմանն ուղղված գործողությունների ծրագրի եւ ժամանակցույցի նախագիծը, ինչպես նաեւ դրա կիրառման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը:

Վարչապետը «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է նաև երեքամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել գույքային հարկերի հաշվառման  միասնական համակարգ ստեղծելու նախագծման կազմակերպչական աշխատանքների ուղղությամբ: