«Բուրգեր Քինգում» պայթյունից տուժած եւ հիվանդանոց տեղափոխված բոլոր տուժածները, բացի 8 եւ 6 ամյա քույր եւ եղբայր Մարկոսյաններից, դուրս են գրվել:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

«Բոլոր տուժածները  դուրս են գրվել, բացի 8-ամյա Ռուբինա Մարկոսյանից եւ նրա 6-ամյա եղբորից: Ռուբինա Մարկոսյանի վիճակը միջին ծանրության է, դրական դինամիկա կա նրա վիճակում»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նշենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):