26 տարի առաջ Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդը կազմակերպել էին անկախ Ադրբեջանի իշխանությունները: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Մարաղան տարբերվում է Սումգայիթից եւ Բաքվից, Գանձակից եւ ավելի քան 30 նմանատիպ փաստերից: Տարբերությունը մեկն է՝ այս հանցագործությունը կատարվել է անկախ Ադրբեջանի կողմից, ի տարբերություն նախորդ հանցագործությունների, որոնք կատարվել են Խորհրդային Ադրբեջանի կողմից:
Չնայած այս դեպքում էլ Ադրբեջանը «տարբերվեց». ամբողջ ԽՍՀՄ-ում առաջին նման դեպքն էր», - ասել է Լարիսա Ալավերդյանը: Մարաղայի կոտորածի ժամանակ սպանվել է ավելի քան հինգ տասնյակ մարդ, նույնքան էլ անհետ կորել եւ գերեվարվել է:
Գյուղը Լենինավան բնակավայրի բաղկացուցիչ մասն էր, Միրբաշիր տարածաշրջանային կենտրոնից 2 կմ հեռավորության վրա էր գտնվում: «Այդ ժամանակ գյուղի մոտ ռազմական գործողություններ չէին ընթանում: Մարտերը հյուսիսում էին: Գյուղի բնակչության մեծ մասը տարհանվել էր:
Գյուղի տղամարդիկ մարտերին էին մասնակցում: Գյուղում մոտ 100 մարդ կար, որոնք չէին կարողանում հեռանալ այդտեղից: Հասկանալով, որ գյուղում անօգնական մարդիկ են մնացել, անպաշտպան բնակչության կոտորած է կազմակերպվում», - ընդգծել է նա:
«Սպանվել էին միայն նրա համար, որ հայ էին, որովհետեւ չէին կարող դիմադրել».
Ադրբեջանից մի քանի տասնմյակ գերիներ են վերադարձվել, այդ թվում 9 երեխա: 19 անհետ կորածների մասին մինչ օրս տեղեկություններ չկան:
«ժամանակակից Ադրբեջանը պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Նվազագույնը այն պետք է պատասխան տա այդ 19 անձանց ճակատագրի համար», - ասել է Ալավերդյանը:




























