ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում, արձանագրել է արտասահմանում ռուսական ագրեսիայի նկատմամբ ԱՄՆ «մեղմ քաղաքականության» ժամանակահատվածի ավարտը: Պոմպեոն մտադիր է այս մասին հայտարարել իր նշանակման հետ կապված Սենատի լսումների ժամանակ: Նրա ելույթի հիմնական դրույթները հրապարակել է The Washington Examiner-ը:

«Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ գործել՝ հիմնվելով այդ ագրեսիայի նկատմամբ բազմամյա մեղմ քաղաքականության վրա»,- կարծում է Պոմպեոն: «Հիմա դա ավարտվել է»,- ամփոփել է Պետքարտուղարության ղեկավարի թեկնածուն:

Պոմպեոն մտադիր է սենատորներին հավաստիացնել, որ ԱՄՆ-ն վերականգնում է իր «առանց այն էլ հզոր Զինված ուժերը» եւ զբաղվում միջուկային ուժերի թարմացմամբ:

«Այս վարչակազմի գործողությունները հասկացնում են, որ նախագահ Թրամփի ազգային անվտանգության ռազմավարությունն արդարացիորեն Ռուսաստանը որակել է որպես մեր երկրի սպառնալիք»,- կարծում է Պոմպեոն: 

«Ռուսական ուղղությամբ մեր դիվանագիտական ջանքերը մեծ լարում են պահանջում, բայց, ինչպես Մոսկվայի հետ նախկին դիմակայություններում, դրանք պետք է շարունակվեն»,- նշել է Պոմպեոն:

Նախորդ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրաժարականի մասին Սպիտակ տունը հայտարարել էր 2018 թվականի մարտի 13-ին: Նրա փոխարեն Թրամփն ընտրել է ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին, ապրիլի 12-ին Պոմպեոյի թեկնածությունը կքննարկվի Սենատի արտասահմանյան գործերով կոմիտեի լսումներում: