Ուժ գործադրող իշխանության դեմ առանց ուժի կիրառման պայքարել, հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, «Ներքաղաքական իրավիճակը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Նրա խոսքով, քաղաքական համակարգի չզարգանալը  ընտրական համակարգի բացակայության հետեւանքն է. «Ընդհանուր առմամբ քաղաքական համակարգի որակի համար առաջնային պատասխանատվությունը իշխանությունն է կրում, Հայաստանում չկա ընտրական համակարգ, ըստ այդմ քաղաքական համակարգը զարգացում ապրել չի կարող»,-ասաց նա:

Քաղաքական մեկնաբանը նշեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության տասնամյակի սկզբնական շրջանում, քաղաքական դաշտի հիմնական խաղացողները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էին, սակայն սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքականության մեջ խաղի կանոները փոխվելու են. «Գուցե դա արագ տեղի չունենա, բայց անխուսափելի է, քանի որ առաջիկա տարիներին իշխանությունը կենտրոնանում  է մեկ անձի շուրջ, մեծանում է արտաքին ազդեցությունների դաշտը, եւ ավելի է բարդանում իշխանության ֆինանսական վիճակը»:

Նա նկատեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 13%-ով մեծացել է  արտագաղթի թիվը, հավելելով, որ ակնկալում է խաղի կանոների փոփոխություն, հակառակ դեպքում այդ թիվն էլ ավելի կմեծանա:

«Եթե հրապարակում հավաքվի 100.000 մարդ, ապա կարող է որոշակի փոփոխություն ակնկալել, բայց հավանական է, որ կկիրառվի ուժ ու դիմադրություն: Սակայն 100.000-ները չեն հավաքվելու, ըստ այդմ, Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, քանի որ իշխանությունը կմտածի, եթե մարդիկ չեն հավաքվել, ուրեմն դեմ չեն»,- ասաց բանախոսը, հավելելով. «Եթե իշխանությունն իր դիրքերը պահում է ուժային գործոնների կիրառմամբ, ապա այդ իշխանության դեմ առանց հակադարձ ուժի կիրառման պայքարել հնարավոր չէ, վերցնենք «Սասնա ծռերի» դեպքը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 31-ին նախաձեռնել է «Իմ քայլը» քայլարշավը, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը եւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ նիստին, որտեղ պետք է ընտրվի վարչապետ: Նմանատիպ պայքարի են ելել նաեւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը: