ՀՀ քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու իրավունք եւ նրանք դրանից լիարժեք կօգտվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց քայլարշավով արդեն Երեւան հասած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է օրինական փողոցներ ու շենքեր շրջափակելը, որը իրենք խոստանում են իրականացնել:

Դիտարկմանը, որ վաղը ակնկալվում է ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ Սերժ Սարգսյանին կառաջադրեն վարչապետի թեկնածու, ինչ ունի նրանց ասելու, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կփորձեմ այդ դահլիճում ներկա մարդկանց հանդիպել»: Հարցին՝ այսինքն այնտեղ շենքի շրջափակո՞ւմ է սպասվում, նա արձագանքեց. «Տեսնենք, Ազատության հրապարակում: Այս բոլոր սցենարների մասին խոսվել է, եւ դրանց իրագործումը կախված է կոնկրետ քաղաքացիների ակտիվությունից: Այո, ինչ ասել եմ, պետք է տեղի ունենա: Դրա տեղի ունենալու գրավականը քաղաքացիենրի ակտիվությունն է: Այսինքն ինչ-որ մասի տեղի չունենալու միակ պատճառը կարող է լինել քաղաքացիների պասիվությունը: Մենք ասում ենք՝ կապ չունի, թե քանի մարդ կլինի Ազատության հրապարակում, մենք գործողություններ ենք ձեռնարկելու: Չկա սցենար, որ գործողություն չձեռնարկենք: Դրանց մասշտաբն ու ծավալը կախված է քաղաքացիների ներկայությունից:  հոգով կլինենք, կանենք այնպիսի գործողություն, որ ի վիճակի կլինի անել այդ 5 հոգին: 100 հոգով կլիենենք, կանենք այնպիսի գործողություն, որ ի վիճակի է անել 100 հոգին, 100 հազարհազար հոգով կլինենք, կանենք իշխանափոխություն:

Հարցին, թե ով է պատասխան տալու հնարավոր ոչ դրական զարգացումների համար, Փաշինյանը նկատեց, որ այսօրվա հանրահավաքի կազմակերպիչն ինքն է եւ պատասխանատուն էլ, բնականաբար, ինքն է. «Պատասխանատվությունն ինձ վրա է, այդ հարցում երեք ուժերի հետ («Հանուն հայաստան պետության» ճակատ, ՔՊ եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնություն»-խմբ) ունենք համաձայնություն»:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը որոշել է վարչապետ դառնալ, քանի որ պետական շահը վեր է դասել իր ցանկությունից, Փաշինյանն արձագանքեց. «Ես իմ ելույթում կանդրադառնամ, թե ինչ է բերել պետությանը Սերժ Սարգսյանի պետական շահը: Սերժ Սարգսյանի պետական շահը եղբորը հանքարդյունաբերության ստվերային կառավարիչ նշանակե՞լն է, թե՞ մյուս եղբորը մատենադարանը նվիրելը, թե Հայաստանի թիվ մեկ առանձնատունը սեփական ընտանիքի սեփականությունը դարձնելն է, թե՞ 1980-ականների զենքով կռվելը, թե՞ 800 հա տարածք կորցնելը»:

Նա խոստացավ իր ելույթում անդրադառնալ «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցություններին, որոնք չեն միացել «Իմ քայլը» նախաձեռնությանը:

Անդրադառնալով իրենց հետագա քայլերին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք շուրջօրյա ռեժիմով լինելու են հրապարակում, գիշերելու են այնտեղ» «Ես 15 օր չեմ եղել տանը, եւ չեմ գնա մեր տուն  մինչեւ ինչ-որ հանգուցալուծում: 

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցել ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին: