Air China ավիաընկերության օդանավը Չինաստանի Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում անվտանգության նկատառումներով արտահերթ վայրէջք է կատարել, երբ ուղեւորներից մեկը, ենթադրաբար, հարձակվել է ուղեկցորդի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CA1350 չվերթը կատարող օդանավը օդ է բարձրացել Հունան նահանգի Չանշա քաղաքից տեղական ժամանակով 8.40-ին եւ պետք է 11.00-ին վայրէջք կատարեր Պեկինի միջազգային օդանավակայանում:

«Air China ավիաընկերության օդանավը, որը Չանշայից Պեկին չվերթ էր կատարում, անօրինական միջամտության պատճառով ստիպված էր 9.58-ին արտահերթ վայրէջք կատարել Չժենչժոուի միջազգային օդանավակայանում: Բոլոր ուղեւորներն արդեն բարեհաջող օդանավից դուրս են բերվել եւ սպասասրահում են: Օդանավակայանը սովորական ռեժիմով է աշխատում»,- նշված է օդանավակայանի ղեկավարության հայտարարության մեջ:

CGTN հեռուստաալիքը հայտնում է, որ թռիչքի ժամանակ ուղեւորներից մեկը, ենթադրաբար, հարձակվել է անձնակազմի անդամի վրա: Դրա պատճառով օդանավը ստիպված էր արտահերթ վայրէջք կատարել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բոլոր ուղեւորները, կասկածյալից բացի, օդանավից դուրս են բերվել եւ գտնվում են սպասասրահում: Իրադարձության վայրում աշխատում է ոստիկանությունը: